«Տոն է այսօր Մանկավարժական համալսարանում. ոչ թե հյուրընկալվել, այլ «տուն է վերադարձել» Ռուբեն Սևակը»,-Կուլտուրայի ֆակուլտետում կայացած միջոցառման ընթացքում նշեց
.jpg)
Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Սուրեն Դանիելյանը՝ նկատի ունենալով օրերս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում հայ մեծանուն բանաստեղծ, արձակագիր և ռազմական բժիշկ Ռուբեն Սևակի թանգարանի բացումը:
Անդրադառնալով գրողի ստեղծագործական ժառանգությանը՝ գրականագետը նկատեց. «Իր սիրերգությամբ, ստեղծագործական ավյունով, ազգային մտածողությամբ, ներուժով ու հզորներին ձեռնոց նետելու կամքի զորությամբ նա իսկական կամուրջ է երիտասադների համար: Ռուբեն Սևակը մրցեց իր ժամանակի ականավոր գրողների հետ, և՝ ոչ կքած. նա քնարականության և լիրիկականության միջև բերեց յուրատեսակ դաշինք, որը մինչ օրս չի հաջողվել ոչ մի ուրիշ բանաստեղծի»:
Թանգարանի բացման առթիվ Հայաստան ժամանած հայտնի բարերար, Ռուբեն Սևակի եղբորորդի Հովհաննես Չիլինգիրյանը, նրա ընտանիքի անդամներն ու սփյուռքահայ գործարար Հակոբ Ավագյանը, արևմտահայ գրականության և մշակույթի մի շարք գործիչներ այսօր Մանկավարժական համալսարանում էին:
Միջոցառման ընթացքում ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը Հովհաննես Չիլինգիրյանին շնորհեց բուհի բարձրագույն պարգև՝ «Խաչատուր Աբովյան» մեդալ:
.jpg)
Ռեկտորը շնորհակալություն հայտնեց Հովհաննես Չիլինգիրյանին, ով ապրելով Ֆրանսիայում, իր միջոցներով ստեղծեց և հայրենիք տեղափոխեց գրողի ստեղծագործական հավաքածուն, մասունքներ, կարևոր նշանակության փաստաթղթեր. «Խիզախումներ լինում են ոչ միայն որոշակի պատմական դժվարին տարիներին. լինում են հերոսական դրսևորումներ նաև խաղաղ ժամանակաշրջանում: Հովհաննես Չիլինգիրյանի գործունեությունն ազգային խիզախության, զգացմունքների դրսևորում է, որի պսակը հանդիսացավ թանգարանի բացումը»:
«Երիտասարդ, հաջողակ, փայլուն, ճանաչված, սիրված բժիշկ և բանաստեղծ. մարդ, ով միայն չկրոնափոխվելու համար ընտրեց մահվան ուղին: Գրականությունից հայտնի են նման հերոսներ, բայց սա բացառիկ դեպք է. յուրաքանչյուր մանրուք հաստատված է փաստաթղթով»,-նշեց Ռուբեն Միրզախանյանն ու հավելեց՝ բուհը կանի հնարավոր ամեն բան, որ թանգարանը այցելուների համար դառնա գիտական, ուսումնական, կրթական կարևորագույն կենտրոն:
Հովհաննես Չիլինգիրյանը շնորհակալություն հայտնեց Մեծ Լուսավորչի անունը կրող մեդալին արժանացնելու համար՝ նշելով, որ երկար տարիների իր աշխատանքը նպատակ ուներ հայ ժողովրդին փոխանցել գրողի զոհաբերության ոգին. Ռուբեն Սևակի հիշատակի տունը վերածվեց նրա անունը կրող թանգարանի:
«Ռուբեն Սևակը հայ ազգի ոգբերգական պատմության հավաքական դիմագիծն է՝ գրական իր ժառանգությամբ, ողբերգական կյանքով, գաղափարներով».արևմատահայ գրողին այսպես
.jpg)
ներկայացրեց գրականագետ, ազգային գործիչ Երվանդ Ազատյանը: Վերջինս բարձր գնահատեց Հովհաննես Չիլինգիրյանի գործունեությունը՝ նշելով. «Հայ արվեստի և ժառանգության գանձատունը մեր երկիրն է. շնորհակալ ենք այս գիտակցությամբ առաջնորդվելու և Ռուբեն Սևակի թանգարանը հայրենիք տեղափոխելու համար»: Նա հույս հայտնեց, որ թանգարանի տեղափոխումը հայրենիք կնպաստի արևմտահայ գրականության փառքին, համազգային պատվանդանի վրա կդնի նրանց անունները, ովքեր հանճարեղ գործեր են նվիրել հայոց գրականության գանձարանին:
Գրականագետն ուրախությամբ նկատեց՝ Մանկավարժական համալսարանում գործող սփյուռքահայ գրականության ամբիոնն իր գործունեությամբ նվիրվել է արևմտահայ գրականությանն ու համազգային դիմագիծ կերտելուն:
«Վասն հայրենյաց դու ի մեռար և շատ ապրեցար»,- իր ելույթում նշեց բուհի Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աելիտա Դոլուխանյանը և ավելացրեց. «Մեր օրերում ազգային մտածողությունը ճիշտ սերմանելու կարիք կա: Վստահ եմ՝ Ռուբեն Սևակի թանգարանը կդառնա յուրօրինակ ուխտատեղի, դպրոց և կվարժեցնի մեզ սիրել հայրենիքն այնպես, ինչպես սիրել է հենց ինքը»:
Ռուբեն Սևակին նվիրված միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան գրող, հրապարակախոս Ալեքսանդր Թոփչյանը, դերասանուհի, գրող Անահիտ Թոփչյանը, սփյուռքահայ գրականության գիտակ Կամո Տեր-Պետրոսյանը, բուհի ուսանողները: