ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մեթոդական աջակցություն № 57 դպրոցին
13.09.2013
Այսօր Սկզբնական կրթության ֆակուլտետի դասախոսները` դեկան Հեղինե Խաչատրյանի ղեկավարությամբ այցելել էին Երևանի Վահան Թոթովենցի անվան № 57 դպրոց: Տարրական դասարանների ուսուցիչների և մեթոդմիավորման ղեկավարի հետ աշխատանքային առաջին հանդիպման նպատակն էր ներկայացնել ֆակուլտետի մշակած ընթացիկ ուսումնական տարվա գործունեության պլանը, քննարկել առաջիկա անելիքներն ու ցուցաբերել մեթոդական աջակցություն:
Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան Մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասիստենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Լաուրա Ավագյանը, ով նաև տարրական դպրոցների աջակցության նախագծի համակարգողն է, ժամանակագրությամբ ներկայացրեց գործունեության պլանը:
Փոխադարձ այց դպրոց և համալսարան, հանդիպում և փորձի փոխանակում այլ դպրոցների ուսուցիչների հետ, մեթոդական և առարկայական վերապատրաստումներ, ուսուցիչների կարիքների մշտադիտարկում և արդյունքների գնահատում.սա գործունեության պլանի միայն մի մասն է:
Գործնական քննարկման ընթացքում Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը վստահեցրեց` ֆակուլտետն առաջիկայում կմշակի ու կներկայացի նաև ուսուցիչների անհատական պլանների ձևանմուշներն ու ուսումնական նյութերը:
Հանդիպման ընթացքում առանցքային էր տարրական դասարաններում ուսուցչի օգնականի ինստիտուտի ստեղծումն ու ներդրումը. Հայաստանում նախադեպը չունեցող մեթոդի կիրառումը Վահան Թոթովենցի անվան № 57 դպրոցում կմեկնարկի հոկտեմբերից: Բուհի դասախոսները վստահեցրին`գործընթացն արդյունավետ կլինի երկուստեք. այդ գործառույթը կստանձնեն Մանկավարժական համալսարանի կամավոր մագիստրոսները:
Ուսուցիչ-ծնող փոխադարձ կապի ամրապնդման, համագործակցության համար մասնագետներն առաջարկեցին ծնողական ժողովների անցկացման նոր ձևաչափ, որը հնարավորություն կտա խուսափել արդեն հնացած մեթոդներից` նպաստելով ծնողների` երեխայի հոգեբանական խնդիրների ինքնուրույն լուծմանը:ՀՊՄՀ դասախոսները տարրական դասարաններում դասապրոցեսն առավել հետաքրքրացնելու նպատակով դպրոցին նվիրեցին Մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոսների հեղիանակած գրականությունը, ահնրաժեշտ փաստաթղթեր և պաստառներ:
Ավարտին պայմանավարվածություն ձեռք բերվեց հանդիպում-քննարկումները դարձնել շարունակական.հաջորդ այցը նախատեսվում է անցկացնել Մանկավարժականում:
Հիշեցնենք, որ նախորդ ուսումնական տարվա ընթացքում բուհի ֆակուլտետների դասախոսները համապատասխան առարկաների գծով ունեցել են դասալսումներ, որոնց արդյունքում մշտադիտարկվել, գնահատվել և վեր են հանվել տարրական դպրոցների կարիքները: Այս հանդիպումը համատեղ աջակցության և համագործակցության առաջին փորձն էր: