Լույս է տեսել «Անընդհատ (շարունակական) պրակտիկայի արդիականացումը և կազմակերպման մեխանիզմների ներդրումը բարձրագույն մանկավարժական կրթության համակարգում» միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուի 1-ին հատորը:
Գրքում տեղ են գտել ինչպես տարբեր երկրներից ժամանած հեղինակների, այնպես էլ հայ մասնագետների ուսումնասիրության նյութեր, որոնք միջազգային գիտաժողովի շրջանակում քննարկվել և արժանացել են խմբագրական խորհրդի, մասնակիցների հավանությանը:
Ժողովածուում զետեղված են կրթության բարեփոխումների արդի փուլում կրթության տեսական մասի բովանդակության, դասավանդման ձևերի, մեթոդների, ուսանողների հոգեբանական կերպարի, ինչպես նաև նրանց պրակտիկ գործունեության հոգեբանական կողմերին վերաբերող զեկույցներ:
Խմբագրական խորհրդի կազմում են Մ.Վ.Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր, հոգեբանական գիտությունների դոկտոր Յուրի Բազարովը, Ուկրաինայի մանկավարժական գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Ղրիմի հումանիտար համալսարանի ռեկտոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Գուզմանը, Մոսկվայի քաղաքային հոգեբանամանկավարժական համալսարանի Կրթություն հոգեբանության ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Մ. Եգորովան, Սլովենիայի Մարբորի համալսարանի պրոֆեսոր Մ. Աբերսդեկը և արտասահմանյան առաջատար բուհերի այլ ներկայացուցիչներ:
Ժողովածուի գլխավոր խմբագիրն ու թողարկման պատասխանատուն Խաաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ Տարիքային և մանկավարժական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հոգեբանական գիտությունների միջազգային ակադեմիայի թղթակից անդամ Վլադիմիր Կարապետյանն է:
Ի դեպ, արդենիսկ տպագրության է պատրաստ ժողովածուի 2-րդ հատորը. այն շուտով կդրվի ընթերցողի սեղանին:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-5-ը Մանկավարժական համալսարանում անցկացվեց «Անընդհատ /շարունակական/ պրակտիկայի արդիականացումը և կազմակերպման մեխանիզմների ներդրումը բարձրագույն մանկավարժական կրթության համակարգում» խորագրով միջազգային գիտաժողով, որի նպատակն էր արդականացնել մանկավարժական պրակտիկան: