«Օրվա եղանակին բնորոշ ջերմությունն ու լուսավորությունը թող ուղեկցեն ձեզ ուսուցչի պատասխանատու և անհրաժեշտ գործունեության ողջ ընթացքում»,- այսօր կայացած
.jpg)
առաջինկուրեսցիների երդմնառության արարողության ընթացքում ասաց Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը՝ ավելացնելով՝ ուսանող դառնալն իսկական հաղթանակ է:
Դիմելով այս տարվա շուրջ 1600 առաջին կուրսեցիներին՝ ռեկտորն առավել կարևորեց օրվա խորհրդին հաղորդակից լինելը՝ խոստանալ անել ամեն ինչ, որպեսզի տարիներ անց հպարտանան Մանկավարժական համալսարանի շրջանավարտը լինելու համար:
Անդրադառնալով բուհի ներկայիս գործունեությանը՝ Ռուբեն Միրզախանյանն ընդգծեց՝ Մանկավարժականը ներկայումս ապրում է բավականին լուրջ, պատասխանատու փոփոխությունների և զարգացման բուռն ժամանակահատված, որի արդյունավետությունը կախված է և´ դասախոսներից, և´ ուսանողներից:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քիրստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն, հոգեշնորհ հայր Վարդան վարդապետ Նավասարդյանը, շնորհավորելով աբովյանականներին, ասաց. «Մանկավարժությունը մարդուն բարոյական, իմացական արժեքների մեջ վերահաստատելու, վերաիմսատավորելու մեծ առաքելություն է, որ մեկ բառով կարելի է մարդակերտում կոչել: Ավանդույթների և տարիների պատմություն ունեցող այս հաստատությունում ամբարեք գիտելիքների և հմտությունների այնպիսի պաշար, որ կարողանաք հաղորդակից լինել այս հարափոփոխ աշխարհին և ստացած գիտելիքները տարածել ամենուր»:
Հոգևորականը փոխանցեց նաև Ամենայն հայոց Կաթողիկսո Ն. Ս. Օ.Տ. Տ Գարեգին Երկրորդի օրհնությունը և մաղթեց, որ Մեծ Լուսավորչի տուն-թանգարանում տված ուխտն ու երդումը դառնա մասնագիտության հանդեպ հավատարմության երաշխիք:
Արդեն ավանդույթ դարձած սեպտեմբերյան միջոցառմանն այս տարի ներկա էր նաև Ֆինլանդիայի Օուլու համալսարանի պատվիրակությունը: Բուհի Կրթության ֆակուլտետի դեկան Ռիտա-Լիզա Կորկեամակին մեծագույն պատիվ համարեց երդմնառությանը մասնակցելը ՝ ուրախությամբ նշելով, որ հատկապես այս ուսանողներն են դառնալու երկու համալսարանների համագործակցության արդյունքների կրողները:
.jpg)
«Մեր երկրում ուսուցիչներին կոչում էին ազգի բուրվառներ, իսկ հիմա նաև՝ ապագան լուսավորողներ. նրանք իսկապես ունակ են ազգի կյանքում զգալի փոփոխություններ կատարել: Մանկավարժությունը, հիրավի, բացառիկ արժեք ու նշանակություն ունեցող մասնագիտություն է»,-նշեց օտարերկրյա հյուրը:
Ուսանողներին շնորհավորելու էր եկել նաև ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ջիվան Գասպարյանը, ով ուսանողներին հորդորեց լինել հայ ազգին բնորոշ՝ ժողովրդին և աշխարհին պիտանի լինելու շարունակողները:
«Անչափ մեծ է օրվա խորհուրդը, քանի որ դուք պետք է դառնաք նորօրյա, բարեփոխված դպրոցի հույսն ու ապավենը, ապագան ու կենսունակությունը: Դարեր շարունակ հայ ժողովուրդը եղել և գոյաբանել է դպրոցի, կրթության և դաստիարակության շնորհիվ:
Մնացեք շիտակ ու վեհ, եղեք ազնիվ ու բարի, հետամուտ եղեք բոլոր այն լուսավոր գաղափարներին, որի կրողը, սերունդներին փոխանցողը լինելու եք դուք»,-ուսանողներին շնորհավորեց Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի դոկտոր Շողիկ Ոսկանյանը և ավելացրեց՝ արևի պես նայեք աշխարհին:
Ուսանողներին շնորհավորեցին նաև Երաժշտության ամբիոնի վարիչ ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանն ու Ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը:
Երդմնառության միջոցառումն ուղեկցվեց նաև համերգային ծրագրով. ելույթ ունեցան Երգի պետական թատրոնի և Մանկավարժական համալսարանի սաները:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)