ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գործնական պարապմունք` Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնում
25.09.2013
Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիալական մանկավարժություն մասնագիտության մագիստրատուրա 2-րդ կուրսի ուսանողներն այսուհետ իրենց «Մասնագիտական ընտրության ախտորոշում և խորհրդատվության կազմակերպում երիտասարդության շրջանում» դասընթացի գործնական պարպմունքները կանցկացնեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնում:
Առաջին այցի ընթացքում ուսանողները Կենտրոնի զարգացման ծրագրերի համակարգող Գոհար Ասլանյանի միջոցով ծանոթացան կառույցի գործունեության քաղաքականությանը, ռազմավարությանը, ձեռքբերումներին և իրականացվող ծրագրերին:
Ֆակուլտետի Գիտության և հետբուհական կրթության գծով տեղակալ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, դասընթացի վարող Հակոբ Թադևոսյանը armspu.am-ի հետ զրույցում կարևորեց գործնական գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորման դերը մասնագետի, տվյալ դեպքում` սոցիալական մանկավարժների պատրաստման գործընթացում. «Գործնական պարապմունքների նման ձևաչափը մագիստրոսի կրթական ծրագրում ապահովում է տեսական, գործնական և հետազոտական բաղադրիչների միասնականությունը: Նմանատիպ այցելությունները նպաստում են նաև կրթական հաստատություն -գործատու կապերի անմիջական ձևավորմանն ու զարգացմանը, կրթական ծրագրերի որակի բարձրացմանը, հնարավորություն են տալիս ապագա շրջանավարտներին ծանոթանալ իրենց մասնագիտական գործունեության ոլորտներին, և արդյունքում ունենալ նաև մասնագիտական աշխատանք»:
Հակոբ Թադևոսյանը մեծ ոգևորությամբ և հպարտությամբ նշեց` Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի առաջատար մասնագետները` Շահանե Բեգլարյանը, Ալլա Գևորգյանը Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական մանկավարժություն մասնագիտության նախորդ տարիների շրջանավարտներն են:
Ի դեպ, հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` կազմվեց ժամանակացույց. արդեն հաջորդ շաբաթ ուսանողներն ակտիվորեն կընդգրկվեն կենտրոնի մասնագիտական գործնական աշխատանքներում և ծրագրերում: