12 տարի առաջ հենց այս օրը` սեպտեմբերի 26-ը, աշխարհում լեզուների տարածման ու բազմազանության նպատակով Եվրոխորհուրդն ու Եվրոմիությունը հռչակեցին Լեզուների

եվրոպական օր:
Արդեն 5 տարի անընդմեջ` օրվա խորհրդից անմասն չի մնում նաև ՀՊՄՀ Օտար լեզուների ֆակուլտետը. Օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Մելանյա Աստվածատրյանի նախաձեռնությամբ պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները տոնական միջոցառմամբ նշանավորեցին օրը:
Ֆակուլտետի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Կարեն Հայրյանը նկատեց, որ գլոբալիզացիայի դարաշրջանում, հասարակական պահանջներով պայմանավորված` կտրուկ մեծացել է լեզուների դերն ու նշանակությունը:
Վերջինիս դիտարկմամբ` տեխնոլոգիաների և հեռահաղորդակցական միջոցների զարգացումից անկախ `ամբողջ աշխարհում հենց լեզուն է համարվում փոխշփումների համար առաջին միջոցը, այնինչ մեր երկրում լեզուների կոորդինացման առումով լուրջ ծրագրեր չեն իրականացվում.«Եվրոմիության կողմից Լեզուների եվրոպական օրվա հռչակումը կարելի է շրջադարձային համարել մարդկության համար. հենց դրա շնորհիվ բոլոր լեզուների համար ստեղծվեցին հավասար պայմաններ և դրանք դիտարկվեցին որպես համամարդկային արժեքներ:
Ուրախ եմ, որ Մանկավարժական համալսարանի ինչպես մասնագիտական, այնպեսէլ այլ ֆակուլտետներում մեծ տեղ է տրվում լեզուների ուսուցմանն ու այդ առումով տեսական և գործնական լուրջ աշխատանքներ տարվում»,-հավելեց Կարեն Հայրյանը:
«… տասը լեզու սովորեցե՛ք, ձեր լեզուն, ձեր հաւատքը ղայիմ բռնեցե՛ք»,- Հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Վազգեն Համբարձումյանը ներկաներին ևս մեկ անգամ հիշեցնելով Մեծ Լուսավորիչ Խաչատուր Աբովյանի միտքը` հույս հայտնեց, որ հայերենը հանրակրթական ուսումնական հաստատություններում կունենա կրթության բարձր մակարդակ: Բանասերը կոչ արեց կարդալ հայերեն և մայրենիի ուսուցման գործում լինել նույնքան նախանձախնդիր, որքան այլ լեզուների դեպքում է:

Ռոմանական լեզուների ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Դոնարա Ղազարյանը, ներկաներին ողջունելով իրեն հարազատ դարձած ֆրանսերենով, այլ ցանկություն հայտնեց` անգլոֆոնների կողքին տեսնել նաև մեծ թվով ֆրանկոֆոններ: Խոսելով սիրո լեզվի` ֆրանսերենի դերի և գործառույթների մասին, Դոնարա Ղազարյանն ուրախությամբ տեղեկացրեց`Մանկավարժական համալսարանը 10 օր առաջ դարձել է ֆրանկոֆոն համալսարանական ընկերության միության անդամ, ինչը գիտական և կրթական բազմaթիվ ծրագրերի իրագործման հնարավորություն կընձեռի.«Օտար լեզուների իմացությունը ժողովուրդների միջև մշակութային հաղորդակցության ապահովման կարևոր օղակ է. այն հնարավորություն է տալիս ճանաչելով միմյանց մշակույթը` բարձր գնահատել ազգային արժեքները»:
Ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսորի պաշտոնակատար Գայանե Շաղգամյանը տարիների փորձառությամբ ներկաների հետ կիսվեց օտար լեզվի տիրապետման գաղտնիքներով: Վերջինս կոչ արեց առնվազն երկու օտար լեզու իմանալ, ինչը հնարավորություն կտա ավելի դյուրին լուծել զբաղվածության խնդիրը.«Իմանալ լեզու`իմացության համար.դա թունելի վերջում լույս տեսնելու նման մի բան է. մեր Համլասարանը ընձեռում է այդ հնարավորությունը»,-եզրափակեց պրոֆեսորը:
Լեզուների եվրոպական օրվան նվիրված միջոցառման ընթացքում համերգային ծրագրով հանդես եկան ֆակուլտետի ուսանողները.այն եզրափակվեց Եվրոխորհրդի գործունեության, նպատակների և նվաճումների մասին պատմող ֆիլմի դիտումով: