ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժական պրակտիկա ձկնային տնտեսություններում
30.09.2013
Օրերս «Կենսաբանություն» մասնագիտության առաջին և երկրորդ կուրսի մագիստրոսները Կենսաբանություն և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Պիպոյանի նախաձեռնությամբ իրենց հետազոտական պրակտիկայի մի մասն անցկացրին Արարատյան դաշտավայրի «Unifish» և Ռանչպար գյուղի հարևանությամբ գտնվող ձկնային տնտեսություններում:
 
«Ձկնաբանություն և ձկների էկոլոգիա» հատուկ առարկայի շրջանակում կազմակերպված ուսումնական պրակտիկայի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել Հայաստանի ձկնաբուծարաններում աճեցվող ձկնատեսակներին, կառուցվածքային և կենսաբանական առանձնահատկություններին, խնամքի պայմաններին:
 
«Unifish»-ում ուսանողները ծանոթացան աճեցվող ձկնատեսակների` սիբիրական /Լենայի/ և ռուսական թառափների, սևրյուգայի, բելուգայի, ծիածանախայտի, «Կոյ» ծածանի կառուցվածքային և կենսաբանական առանձնահատկություններին, անազատ պայմաններում բազմացմանն ու խնամքին:
 
Ձկնային տնտեսության ձկնաբույծ Աշոտ Աթանեսյանը ուսանողներին ներկայացրեց տնտեսության ջրամատակարարման, առանձին ջրավազանում ձկների նստեցման նորմերի հաշվարկման, ձկների կերակրման հաճախականության, մանրաձկների խնամքի առանձնահատկություններին:
 
Ուսանողներին ցուցադրվեց նաև ձկների համար Գերմանիայից ներմուծվող կերակրատեսակները, Հայաստանում արտադրվող սև խավիարի առաջին նմուշները, ինչպես նաև մանրաձկների փակ լողավազանները, որտեղ նրանք աճեցվում են իրենց կյանքի առաջին շաբաթների ընթացքում:
 
 
Ռանչպար գյուղի հարևանությամբ գտնվող լճակային տնտեսության գլխավոր ձկնաբույծ Գագիկ Մանուչարյանը Մանկավարժականի պրակտիկանտներին ծանոթացրեց այդ տնտեսության գործունեության առանձնահատկություններին և աճեցվող ձկնատեսակների` կարպի, խայտաբղետ ու սպիտակ պնդաճակատների, սպիտակ ամուրի կենսաբանական առանձնահատկություններին, անազատ պայմաններում նրանց բազմացման ու խնամքի պայմաններին:
 
Հատուկ ուշադրություն դարձվեց նաև ձկնային տնտեսության լճակներում հանդիպող թռչունների տեսակների բազմազանությանը և նրանց կենսակերպին: Հետագա ուսումնասիրությունների իրականցման նպատակով տնտեսության հարակից ջրակալներից ուսանողները որսացին գամբուզիա ձկնատեսակին պատկանող առանձնյակներ, ինչպես նաև հավաքեցին ջրիմուռների և ջրի նմուշներ:
 
Հանդիպման ընթացքում տնտեսության ղեկավարների հետ ձեռք բերվեց պայմանավորվածություն, որի համաձայն ՀՊՄՀ ուսանողներն այսուհետ կարող են կատարել որոշակի ուսումնասիրություններ` մագիստրոսական թեզերի համար համապատասխան նյութեր հավաքելու նպատակով:
 
Կենսաբանություն և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Պիպոյանը armspu.am-ի հետ զրույցում նշեց. «Պրակտիկայի արդյունքում ուսանողների ձեռք բերած կարողություններն ու գիտելիքները կնպաստեն առավել քաջատեղյակ լինել ձկնաբուծության և ձկնաբանության հիմունքներին, ինչն էլ կօգնի մանկավարժական հետագա գործունությունն առավել արդյունավետ իրականացնելուն»: