Համագործակցության շրջանակներում հերթական այցով Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում է գտնվում Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի փորձագետների խումբը: Ստորև ներկայացնում ենք մեր հարցազրույցը Օուլուի համալսարանի մանկավարժական կրթության ֆակուլտետի դեկան Ռիտա- Լիզա Կորկիամակեի հետ:
«Մեր նպատակն է ոչ թե ներմուծել մեր կրթահամակարգը, այլ համագործակցել կրթական ոլորտում»,- ասում է Ռիտա- Լիզա Կորկիամակեն
- Հարգելի տիկին Ռիտա- Լիզա Կորկիամակե, երկու համալսարանների միջև համագործակցությունն ընթանո՞ւմ է Ձեր ակնկալած ուղիով…
-Ի սկզբանե շատ դժվար էր փոխըմբռնումը, սակայն աստիճանաբար ամեն ինչ հարթվեց, և այժմ մեր համագործակցությունը երկուստեք գնահատում եմ գերազանց: Շատ եմ կարևորում այն, որ դուք ունեք լավ պատրաստված, բարձր մակարդակի և նվիրյալ աշխատողներ:
Կցանկանայի ավելացնել, որ այլ մշակույթի հետ համագործակցությունն անպայման որոշակի ժամանակ է պահանջում, որպեսզի երկուստեք հարաբերություններն ու շփումները նորմալ հունով ընթանան: Մեր նպատակն է ոչ թե ներմուծել մեր կրթահամակարգը, այլ համագործակցել կրթական ոլորտում: Եվ կարծում եմ, որ այդ համագործակցությունը շատ լավ արդյունքներ է տալիս:
- Ի՞նչ հետաքրքիր նմանություններ և տարբերություններ կմատնանշեիք մեր երկու երկրների համալսարանների կրթական ծրագրերում:
-Առաջին տարբերությունը անգլերեն լեզվի գործածությունն է. մեր ուսանողներն ավելի շատ են գործածում անգլերեն լեզուն, քան հայ ուսանողները:
Մեր կրթական համակարգը եվրոպական է և շատ է տարբերվում Ձերից, և սկզբում մենք փորձում էինք իրար մոտեցնել երկու կրթահամակարգերը: Պետք է ավելացնեմ, որ բակալավրիատի և մագիստրատուրայի աստիճանների գնահատման համակարգերն արդեն հստակ տարբերակվում են:
-Կա՞ մի բան, որ Ձեզ չի գոհացնում…
-Այո, չեն գոհացնում երկարատև թռիչքները և մի քանի օրով, կարճ աշխատանքային հանդիպումները: Որովհետև շատ բան կա անելու, առնվազն մեկ ամիս պետք է աշխատանքները նորմալ կազմակերպելու համար…
Մենք շատ ենք սիրում Հայաստանը, և կարծում ենք բոլորս սիրահարված ենք Ձեր երկրին: Ահա ինչու չենք ուզում, որ դեկտեմբերին վերջին սեմինարն անցկացնենք այստեղ, մենք կարծում ենք, որ մեր համագործակցությունը դեռ երկար կշարունակվի:
-Ինչ եք կարծում՝ երկու տարին բավակա՞ն է նկատելի արդյունքներ գրանցելու համար…
-Իհարկե դա շատ կարճ ժամանակահատված է և շատ աշխատանք է պահանջում: Մենք հիմնականում իրականացրել ենք մեր առջև դրված նպատակները, բայց քանի որ ժամանակահատվածը շատ կարճ է, դեռևս կա բաց տարածություն և զարգացման տեղ:
-Ի՞նչ եք ակնկալում այս համագործակցության արդյունքում և մինչ այսօր ի՞նչ ձեռքբերումներ կան:
-Մեր հիմնական նպատակները ամրագրված են երկկողմ պայմանագրի մեջ: Ամենակարևրը աշխատողների և ուսանողների փոխանակումն է: Հետագայում միգուցե համատեղ գիտական հետազոտություններ կատարվեն:
Մենք նորացրել ենք բոլոր ծրագրերը, որոնք ընդգրկում են և՜ բովանդկությունը, և՜ գրականությունն ու ուսումնական կրթական մեթոդները. բովանդակային փոփոխություններ ենք կատարել:
Միաժամանակ մենք մշակել ենք դպրոցական պրակտիկայի անցկացման ծրագիր, ստեղծել ենք որակի ապահովման ձեռնարկ, որն ընդգրկում է կատարած և կատարվելիք աշխատանքները:
Մենք աշխատել ենք վարչական աշխատակազմի հետ. արդեն կա կառավարման և թափանցիկության փաստաթուղթ, որը կնկարագրի վարչական կառուցվածքն ու վարչական մասում կատարվող փոփոխությունները: Ստեղծել ենք ուսանողների կենտրոն, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման կենտրոն, որում կվերապատրաստվեն նաև աշխատողները:
-Ուրիշ ինչի՞ մասին կուզենայիք խոսել…
-Կուզենայի ասել, որ այս համագործակցության ընթացքում մենք ոչ միայն տվել ենք, այլև վերցրել:Ասել է թե տեղի է ունեցել փոխշահավետ գործակցություն: Մենք անչափ շնորհակալ ենք այս ծրագիրն իրականացնելու համար:
-Իսկ հայերեն չհասցրի՞ք սովորել…
-Օ՛, հայերենը շատ դժվար է սովորել: Բայց մի քանի բառ սովորել եմ, ինչպես օրինակ՝ ՙբարի լույս՚…
-Ի՞նչ կմաղթեիք հայ ուսանողներին:
-Կմաղթեի, որ շատ աշխատեն, լավ սովորեն, սիրեն և կառուցեն իրենց երկիրը: Որ չլքեն իրենց Հայաստանը:
Հրաշալի երկիր ունեք և հրաշալի մշակույթ…մնացեք այստեղ…
Հարցազրույցը՝ Սիլվա Ասրյանի