ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Հայկական դիվանագիտությունը կրկնակի հաղթանակ ունեցավ»
01.10.2013
Այսօր Մանկավարժական համասլարանում հյուրընկալվել էր նշանավոր քաղաքագետ, «Ժողովրդավարության և համագործակցություն» ինստիտուտի Նյու-Յորքի մասնաճյուղի տնօրեն, պրոֆեսոր, ՀՊՄՀ պատվավոր դոկտոր Անդրանիկ Միհրանյանը:
Վերջինս մեծ պատիվ համարեց հարուստ ավանդույթներ ունեցող բուհում կրկին հյուրընկալվելը և հաստատեց իր՝ երկու տարի առաջ բուհում ասած այն կարծիքը, որ հայ ազգի ամենամեծ գեոպոլիտիկ մտածողը Խաչատուր Աբովյանն էր, ով իր ժողովրդի պետականության վեկտորը համարում էր Ռուսաստանը:
Հանդիպման ընթացքում քաղաքագետն անդրադարձավ վերջին շրջանում հայ հասարակությանը հետաքրքրող Հայաստանի Հանրապետության՝ Մաքսային Միությանը միանալու որոշման հետևանքներին, ինչպես նաև ներկա փուլում ռուս-ամերիկյան հարաբերություններին և սիրիական հիմնախնդիրներին:
Անդրանիկ Միհրանյանն առաջին հերթին նշեց, որ Միությանն անդամակցելը պատահական չի եղել. «Աշխարհաքաղաքական առումով Հայաստանը գտնվում է մի տարածքում, երբ հնարավոր չէ տնտեսական և անվտանգության հարցերը դասել տարբեր կողմերում: Իրականություն է՝ Հայաստանը էներգիայի, գազի և տնտեսական այլ ռեսուրսներով մեծ կախվածություն ունի Ռուսաստանից. հիմնական տնտեսական կառույցները նույնպես գտնվում են ռուսական տարբեր ընկերությունների ձեռքում»,-հիշեցրեց քաղաքագետը, ով այդ ուղղությամբ ներկայիս ղեկավարների վարած արտաքին քաղաքականությունը համարեց ոչ միայն ճկուն, այլև իմաստուն:
Անդրանիկ Միհրանյանը խոսեց նաև պատմության ընթացքում եվրոպական չիրականացված խոստումների, հայ ժողովրդի ոչ նախանձելի հարևանների և Մաքսային միությանը միանալու նպաստավոր այլ կողմերի մասին. «Հարաբերություններ հաստատելիս պետք է հասկանալ՝ ինչպես են քո և մյուս երկրների շահերը համընկնում միմյանց: Միությանը անդամագրվելը ոչ թե կփակի դեպի Եվրոպա ճանապարհը, այլև Հայաստանին կդարձնի Եվրոպայի և այլ երկրների հետ ավելի մեծ դիրքերով բանակցող երկիր»:
Նա մտացածին համարեց Ռուսաստան-Եվրոպա հակադրությունը՝ նշելով, որ Ռուսաստանն ինքն էլ Եվրոպան է և բնավ դեմ չէ եվրոպական արժեքներին:
Ամփոփելով խոսքը՝ Անդրանիկ Միհրանյանը վստահեցրեց, որ հայկական դիվանագիտությունը կրկնակի հաղթանակ ունեցավ. Հայաստանն իր զարգացումը շարունակեց և´ ռուսական, և´ եվրոպական ուղղություններով՝ բաց թողնելով մի դուռ, որը հնարավորություն է ստեղծում հայ-եվրոպական մերձեցմանը:
Անդրադառնալով Սիրիայի և ռուս-ամերիկյան հարաբերություններին՝ քաղաքագետը նշեց, որ Մերձավոր Արևելքի նկատմամբ Ամերիկայի քաղաքականությունը բերեց մեծ ցնցումներ և բացասական հետևանքներ. նույն համոզմունքին են նաև ամերիկյան հայտնի քաղաքագետները:
Այս հարցում Անդրանիկ Միհրանյանի կարծիքը մեկն է՝ ժամանակն է, որ Ամերիկան լսի Ռուսաստանին, որն առաջարկում է Սիրիայի հարցում կանգ առնել և լուծել այնտեղ առաջացած քաոսային վիճակը:
Հանդիպման երկրորդ հատվածում նա պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին նաև Մաքսային միությանը անդամակցելու դեպքում Արցախի անվտանգությանը:
Հանդիպման ավարտին համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը Անդրանիկ Միհրանյանին պարգևատրեց համալսարանի 90-ամյակը խորհրդանշող հոբելյանական մեդալով և պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների անունից շնորհակալություն հայտնեց ևս մեկ անգամ բուհում հյուրընկալվելու, հասարակության կիզակետում գտնվող հարցերի շուրջ իր տեսակետն արտահայտելու վերաբերյալ: