Մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ «Կրթության կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրով ուսումնառությունը կազմակերպող ամբիոնի պաշտոնական

բացումը: Աշխատանքներն իրականացվում են TEMPUS-ի MAHATMA ծրագրի շրջանակներում:
«Կրթության կառավարում» մասնագիտությունն ընտրած 15 մագիստրոսներին ողջունեցին բուհի Կրթության որակի և հեռակա ուսուցման գծով պրոռեկտոր Տիգրան Այվազյանը, Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը, Հեռանկարային ծրագրերի մշակման և մշտադիտարկման վարչության պետ Ռիտա Գևորգյանը, Կրթության բարեփոխումների և որակի վարչության պետ Մկրտիչ Ավագյանը, Պրակտիկայի վարչության պետ Վահան Սարգսյանը, Գիտահետազոտական կենտրոնի վարիչ Կամո Վարդանյանը, Օուլուի համալսարանի Ֆին փորձագետ Վեսա-Մատտի Սարենիուսը:
Տիգրան Այվազյանը, շնորհավորելով ապագա կրթության կառավարիչներին, հույս հայտնեց, որ Մահատմա ծրագրի շրջանակներում ստեղծված ամբիոնին կհաջողվի պատրաստել աշխատաշուկայում բարձր պահանջարկ ունեցող մասնագետներ: Սրբուհի Գևորգյանն էլ հավելեց. «Կրթությունը` որպես գլոբալ կառավարման գործընթաց պայմանավորված է անձի հոգեբանական անհատական դրսևորումներով, հոգեվիճակով, կառավարման կարողություններով, հաղորդակցական հմտություններով: Ծրագիրը սպասված է և խիստ կարևոր. մասնագիտական ճիշտ ուղղորդման դեպքում այն կտա ցանկալի արդյունք և հենց ձեզանով կպայմանավորվի մի շարք կրթական հաստատությունների հաջող գործունեությունը»:
Պրոռեկտորը խոստացավ աջակցել կրթական գործընթացի կազմակերպմանն ու հետադարձ կապի միջոցով հաղթահարել առաջացած դժվարությունները:
«Դեգերումներ կրթության պատմության ձևավորման և զարգացման ընթացքով»,- խոստացավ Կրթության բարեփոխումների և որակի վարչության պետ Մկրտիչ Ավագյանն ու հավաստիացրեց` կսկսեն անտիկ Հունաստանից, «կտեղափոխվեն» Եգիպտոս, Հռոմ և Չինաստան. «կլինեն» ամենուր, կքաղեն ամենաանհրաժեշտը:
Մկրտիչ Ավագյանը նկատեց` ժամանակը բարեհաճ է գտնվել մագիստրոսների նկատմամբ. նրանց եզակի հնարավորություն է տրված մասնակցելու Մանկավարժական համալսարանում իրականացվող միջազգային ծրագրին:
Պրակտիկայի վարչության պետ Վահան Սարգսյանը ևս ընդգրկված է կրթության կառավարման մասնագետներ պատրաստողների խմբում, եւ հույս ունի, որ մասնագիտության ընտրությունը ուսանողները կատարել են մտածված, ապա հորդորեց նրանց լինել ակտիվ և պահանջկոտ:

Հանդիպմանը ներկա օտարերկրյա հյուրը` Վեսսա-Մատտի Սարենիուսը ևս չթաքցրեց ծրագրի նկատմամբ իր հետաքրքրությունն ու նշեց` այն նոր է, արդիական և առավել պահանջարկված՝ կրթական ոլորտում բարեփոխումները իրականացնելու համար:
Կրթության կառավարման ամբիոնի աշխատանքները համակարգող դոցենտ Ռիտա Գևորգյանը, դիմելով մասնագիտության առաջին «ծիծեռնակներին» վստահեցրեց, որ նրանք ճիշտ ընտրություն են կատարել իրենց կրթությունը շարունակելով Հայկական պետական մանկավարժական համալսարանում. «Դուք սովորելու եք մի համալսարանում, որի ողջ գործընթացը միտված է միջազգայնացմանը. այս համատեքստում կարևորում է կրթության կառավարման ապագա առաջնորդների դերակատարումը. հենց ձեզնով է պայմանավորված կրթական համակարգի հետագա բարեփոխումները: Մենք ակնկալում ենք նաև Ձեր ակտիվ ընդգրկվածությունը համալսարանում իրականացվող գիտահետազոտական աշխատանքներում»:
Հանդիպման ավարտին Ռիտա Գևորգյանը ուսանողներին հանձնեց տվյալ մասնագիտության կրթական ծրագրի, առարկայական ծրագրերի, ուսուցման ավարտին ակնկալվող վերջնարդյունքների, ուսանողների իրավունքների և պարտականությունների, համալսարանի գործունեության վերաբերյալ ընդհանրական տեղեկատվական փաթեթը: