ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կրթության արդիականացումը`Հայաստանից մինչև Ճապոնիա
02.10.2013
Այսօր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում մեկնարկեց «Կրթության արդիականացումը ժամանակակից մանկավարժական հարացույցների համատեքստում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողով:
ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ողջույնի խոսքում նկատեց` գիտաժողովի աշխարhագրությունն ու ներկայացվող զեկուցումների թեմաներն ընդգրկում են խնդիրների լայն շրջանակ, հարցեր, որոնք անմիջականորեն առնչվում են մանկավարժության արդի հիմնախնդիրներին` ընդհուպ Ճապոնիայի մանկավարժական կրթության հարցերին: Գիտաժողովն արդիական է.այդ է վկայում Իտալիայի դեսպանի և աշխարհի մի շարք երկրների առաջատար ուսումնական հաստատությունների պատվիրակների մասնակցությունը:
ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ հավելեց` կայուն զարգացման գլխավոր նախապայմաններից է կիրթ և արժեքներ կրող քաղաքացի ունենալը: Կրթության արդիականացման ներքո տարբեր հասկացողություններ կարող են շրջանառավել, այնինչ առաջնային պետք է համարել ՀՀ քաղաքացու կրթական կարիքների բավարարման հնարավորությունը, տնտեսական պահանջարկն ու հասարակության ակնկալիքները կրթական համակարգից.«Այս հարցադրումները հատկապես կարևոր են մանկավարժական կրթության արդիականացման հարացույցում, որն իր կարևորությամբ ոչ միայն բարձրագույն կրթության մի հատվածն է, այլև հանրապետության ներկան և ապագան պայմանավորող լրջագույն գործոն»:
Նախարարը նկատեց, որ հերթական անգամ ՀՊՄՀ-ում տեղի է ունենուն իր մասշտաբով և բովանդակությամբ աննախադեպ միջազգային գիտաժողով. ակնհայտ է` Մանկավարժականը դեռ տարիներ առաջ սկսելով կրթության միջազգայնացման և արդիականացման ճանապարհ, ներկայումս արձանագրում է լուրջ հաջողություններ:
Արմեն Աշոտյանը մեծ ձեռքբերում համարեց այն, որ գիտաժողովը հնարավորություն է ընձեռում օտարերկրյա գործընկերների հետ եվրոպական կրթական տարածքում կանխորոշել և նախագծել երիտասարդ սերնդի ապագան:
Բոլոնիայի համալսարանի ռեկտորի ԱՊՀ գծով խորհրդական Կամիլլա Դանիլչենկոն ընդգծեց` Հայաստանը հանդիսանում է Բոլոնիայի գործընթացի վստահելի գործընկեր, իսկ նման գիտաժողովների անցկացումն էլ նպաստում են կրթական տարածքի ձևավորման հնարավորությանն ու նոր հեռանկարներին:
Կամիլլա Դանիլչենկոն ուրախությամբ տեղեկացրեց` Բոլոնիայի համալսարանի և ՀՊՄՀ-ի նախաձեռնությամբ`առաջիկայում կտպագրվի Հայաստանի մասին պատմող տեղեկատվական գրքույկ:
Սամարայի մարզի Կրթության և գիտության նախարարության Օտրանդնենսկու վարչության ղեկավար Վլադմիր Գուսարովն էլ նկատեց`21-րդ դարում կրթական համակարգը զարգանում է շատ դինամիկ.դրանով պայմանավորված` անհրաժեշտ է կրթական համակարգում ներդնել ինովացիոն տեխնոլոգիաններ և սովորեցնել «վաղվա օրով»:
ՌԴ պատվիրակության ներկայացուցիչը նախարարության կողմից շնորհակալական նամակներ հանձնեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին և գիտաժողովի կազմակերպիչներին:
Մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի դոցենտ, գիտաժողովի կազմակերպիչներից Սվետլանա Մինասյանն էլ Իտալիայի դեսպանին հանձնեց բուհի պատմությունն ու տարեգրությունը ամփոփող պատկերազարդ ալբոմ:
Գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին զեկույցներով.երկօրյա գիտաժողովն աշխատանքները կավարտի վաղը`հոկտեմբերի 3-ին: