ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աշխանքային այց`Եվրոպայի ամենահին համալսարան
03.10.2013
Վերջերս գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրի /Daad/ շրջանակում Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Արաքսյա Սվաջյանն աշխատանքային այցով մեկնել էր Գերմանիայի Ռոստոկի համալսարան:
Մեկամսյա այցի ընթացքում կազմակերպվել են տարաբնույթ հանդիպումներ, քննարկումներ համալսարանի, հատուկ և հանրակրթական դպրոցների ու մանկապարտեզների աշխատակիցների հետ. հանդիպումները հնարավորություն են տվել հետազոտողին գործնականում ծանոթանալ ոլորտի առանձնահատկություններին և մոտեցումներին:
Հատուկ մանկավարժը ծանոթացել է նաև գերմանական համալսարանական կրթության համակարգին, Հատուկ, վերականգնողական և զարգացման մանկավարժության ինստիտուտում կիրառվող ուսումնական ծրագրերին, պլաններին և մոդուլներին, ինչպես նաև Գերմանիայում ներառական կրթության կազմակերպման ասպեկտներին, հատուկ կրության համակարգին, համալսարանում իրականացվող հետազոտական՝ « KOMPASS» և «Rügener Inklusionsmodell» ծրագրերին:
Հատուկ, վերականգնողական և զարգացման մանկավարժության ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ընթացքում Արաքսյա Սվաջյանն օտարերկրյա գործընկերներին է ներկայացրել Հայաստանի կրթական համակարգը, մասնավորապես` հատուկ կրթության համակարգը, կազմակերպման ձևերը, ՀՊՄՀ-ի Հատուկ կրթության ֆակուլտետի կառուցվածքը, ինչպես նաև իր կատարած ատենախոսության հետազոտական արդյունքները:
«Այցելության հրավերը Ռոստոկի համալսարանի Հատուկ, վերականգնողական և զարգացման մանկավարժության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Կատյա Կոխինն էր: Հաշվի առնելով մեր հանրապետությունում տեղի ունեցող կրթական բարեփոխումները` այցելությունը կարևոր և արժեքավոր կարելի է համարել»,-armspu.am-ի հետ զրույցում նշեց Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Արաքսյա Սվաջյան
Նշենք, որ Ռոստոկի համալսարանը հյուսիսային Եվրոպայի ամենահին համալսարանն է.այն հիմնադրվել է 1419թվականին: