ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ամփոփվեցին գիտաժողովի աշխատանքները
03.10.2013
Այսօր ավարտվեցին Մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված «Կրթության արդիականացումը ժամանակակից մանկավարժական հարացույցների համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողովի աշխատանքները:
Գիտաժողովի երկու օրերի ընթացքում մասնակիցներն իրենց զեկույցներում անդրադարձան մշակույթների երկխոսության արդի ժամանակաշրջանում կրթության փիլիսոփայության գերակայություններին, հասարակության մեջ համաշխարհային գիտակրթական հանրությանն ինտեգրման հնարավորություններին, հակասություններին ու հեռանկարներին, կրթական հարացույցերի մեթոդաբանական հիմունքների մշակման հիմնախնդրին:
Մասնակիցները քննարկեցին նաև դիդակտիկայի և կոմպետենտության հիմնահարցեր, կրթական համակարգի զարգացման հեռանկարային ուղղությունների նախագծման և մանկավարժական պրակտիկայում կրթական հարացույցերի հայեցակարգային նոր մոդելների ներդրման իրական հնարավորություններ:
Խոսքային, ստենդային և վիրտուալ զեկուցումներով հանդես եկան ՀՊՄՀ-ի մանկանավարժության տեսության և պատմության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լաուրա Ասատրյանը, ԱՄՆ–ի Վերմոնտի համալսարանի Միդլբերիի քոլեջի պրոֆեսոր Թոմ Բայերը, Սլովակիայի Պրեշովի համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Տատյանա Բուգելովան, նույն համալսարանի պրոֆեսոր Յանա Լուկաչովան, Ճապոնիայի Կիոտո Սանգյոյի համալսարանի պրոֆեսոր, ամբիոնի վարիչ Միցուսի Կիտաձյոն, Բոլոնիայի համալսարանի ռեկտորի` ԱՊՀ երկրների գծով խորհրդական, պրոֆեսոր Կամիլլա Դանիլչենկոն, նույն համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Սիմոնա Բերարդին, ՌԴ Եկատերինբուրգի Դաշնային համալսարանի պրոֆեսոր, պատվավոր դոկտոր Թամարա Կուպրինան, Սամարայի մարզի դպրոցների տնօրեններ Անատոլի Ռյաբովը, Նատալյա Իվկովան, Լյուբով Նաումովան, ՌԴ Սամարայի մարզի կրթության և գիտության նախարարության Օտրադնինոյի վարչության ղեկավար Վլադիմիր Գուսարովը, ՀՊՄՀ-ի մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի դոցենտներ Սվետլանա Մինասյանը և Մայրանուշ Գևորգյանը:
Գիտաժողովի փակումը նշանավորվեց վարպետության դասերով. համաժողովի մասնակիցներ Վլադիմիր Գուսարովը, Թոմ Բայերը, Թամարա Կուպրինան և Սվետլանա Մինասյանը վարպետության դասեր անցկացրեցին ՀՊՄՀ-ի Սկզբնական կրթության, Բանասիրական, Օտար լեզուների, Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետներում:
Մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լաուրա Ասատրյանը, ամփոփելով գիտաժողովի արդյունքները, նշեց՝ համաժողովում վերհանվեցին կրթության արդիականացման խնդիրներ, կրթության կառավարման գործընթացի արդիականացման, ուսուցման, մեթոդիկաների կատարելագորման, միջմշակութային կապերի ամրապնդման մասին, որոնք համաժողովի մասնակից մանկավարժագետներին տվեցին ոլորտում փոփոխություններ անելու նոր հեռանկարներ: