«Կորստի դառնությունը փոխվում է արժանապատիվ ժպիտի, երբ հասկանում ես, թե ում արյունն է հոսում երակներումդ».«Վերադարձի ժամանակը» ֆիլմի ստեղծագործական խումբը հենց

այս համոզմամբ` եղել է Արևմտյան Հայաստանում` տեսնելու և հասկանալու`ի՞նչ է մնացել Ցեղասպանությունից հետո թողած մեր ժառանգությունից, ովքե՞ր են ապրում պատմական հողում, պահպանվե՞լ է հայկական դիմանկարը և արդյո՞ք հայկական արմատները շարունակում են ծիլեր տալ:
Օրերս Մանկավարժական համալսարանում էին «Վերադարձի ժամանակը» ֆիլմի մասնակիցներից լրագրող Նաիրի Հախիկյանն ու ՀՊՄՀ Քաղաքագիտության ամբիոնի վարիչ, ֆիլմում քաղաքագիտական հարցերի շուրջ աջակցություն ցուցաբերած Լևոն Շիրինյանը:
Այցի նպատակն էր բուհի ապագա պատմաբան-իրավագետներին ներկայացնել և մասնակիցը դարձնել ֆիլմի ստեղծման աշխատանքներին:
Քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանը հանդիպման սկզբում նկատեց` հայրենաճանաչությունն այս լսարանում հարցականի տակ չպետք է լինի, ապա հավելեց` ոչ մեկ չի կարող արգելել մեր հոգիներում և մտապատկերներում ունենալ այն հայրենիքը, որ մերն է եղել:

Քաղաքագետը, վերադառնալով պատանեկություն և վերհանելով ֆիլմում արծարծված Կարսի գրավման պատմությունը, հիշեց իր դպրոցական տարիները, երբ համոզում էին, որ Կարսը հնարավոր չէր պաշտպանել: Այսօր նա այլ հարցադրում ունի` իսկ ինչպե՞ս էր հնարավոր այն գրավել, եթե չլիներ հայի դավաճանությունը:
«Մեզ մոտ վատ սովորույթ է դարձել դարերի ընթացքում մի քիչ հող հանձնելով մեր գոյությունը շարունակել, ինչն անթույլատրելի է և սխալ: Չկա Արևմտյան և Արևելյան Հայասատան. դա տեղանունների աշխարհագրական բաժանում է.կա մի Հայաստան և այդ մասին պետք է փոխանցվի սերնդեսերունդ»,-ընդգծեց Լևոն Շիրնյանն ու հորդորեց ստրատեգիական նշանակություն ունեցող հայկական տեղանուններն արտաբերել միայն հայերենով. «Արևմտյան Հայաստանը Աստծո կողմից մեզ է տրվել, սակայն մենք վատ զավակներ ենք եղել և չենք կարողացել պահել մեր հայրենիքը: Չկա Արևելյան Անատոլիա.դա թուրքերի հերթական խեղաթյուրումն է, որում նրանք վարպետացել են»:
Լրագրող Նաիրի Հոխիկյանը էլ նշում է` սա վերադարձի ժամանակն է. վերադարձ դեպի արմատներ և իրականություն. մեկդարյա ցավից ու արդարության բացակայությունից հետո, ժամանակն է հայտնվել Արարատի հակառակ կողմում, ազգային արժանապատվության գիտակցմամբ ընդունել մեր սխալները, դասեր քաղել և պատասխանել մի շարք հարցերի:
Նաիրի Հոխիկյանը նկատում է` նախկինում նկարահանված ֆիլմերում երբևէ անդրադարձ չի եղել` թե քանի հայ է ապրում 70 միլիոն բնակչություն ունեցող Թուրքիայում, ապա ուրախությամբ հավելեց` ֆիլմը տվել է իր պտուղները. Դերսիմում կատարված նկարահանումներից հետո այնտեղ ստեղծվել է «Դերսիմահայերի միություն», որի կազմում ընդգրկվել են մի քանի հարյուր հայեր:
Նշենք, որ ֆիլմի դիտում-քննարկումը կազմակերպվել էր Պատմության և իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի և Քաղաքագիտության ամբիոնի նախաձեռնությամբ: