ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Սեմինար հոգեբանության հիմնահարցերի շուրջ
11.10.2013
Հոկտեմբերի 10-11-ը Չելյաբինսկի մանկավարժական համալսարանում անցկացվեց հատուկ հոգեբանական կրթության ոլորտի նորարություններին և հեռանկարներին վերաբերող միջազգային գիտաժողով:
ՀՊՄՀ Տարիքային և մանկավարժական հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ գիտաժողովի շրջանակում տեսազանգի միջոցով երկու համալսարանների միջև անցկացվեց «Ժամանակակից հոգեբանական պրակտիկում» խորագրով սեմինար:
Սեմինարին մասնակցում էին բուհի Ուսումնագիտական գծով պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր Սրբուհի Գևորգյանը, Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի, Սկզբնական կրթության ֆակուլտետների դեկանները, դասախոսներ, մագիստրոսներ և ասպիրանտներ, Ռուս-սլավոնական համալսարանի դասախոսներ և ուսանողներ:
Առցանց սեմինարի ընթացքում Ռուս-սլավոնական համալսարանի Հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր Ասյա Բերբերյանը ներկայացրեց անձի կոմպետենտությանը վերաբերող սեփական հետազոտությունները, իսկ Տարիքային և մանկավարժական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կարապետյանն անդրադարձավ ուսումնական նպատակների և կոմպետենտության կապին՝ ըստ Բենջամին Բլումի:
«Չնայած կրթական համակարգերի նմանությանը՝ երկու բուհերն էլ ունեն տեխնիկական տարբեր հնարավորություններ և առանձնահատկություններ: Սեմինարների անցկացումը փորձի փոխանակման, հեռանկարային զարգացման և համագործակցության շրջանակներն ընդլայնելու լավագույն միջոց են»,- armspu.am-ի հետ զրույցում նշեց սեմինարի կազմակերպիչ Վլադիմիր Կարապետյանը:
Սեմինարի ավարտին ձեռք բերվեց պայմանավորվածություն` կազմավորել հետազոտական լաբորատորիա, ինչպես նաև առցանց համաձայնություն՝ նման սեմինարներն ու դասախոսությունները շարունակական դարձնելու մասին՝ ընդգրկելով նաև գիտաժողովի մասնակից այլ երկրների: