Մանկավարժական համալսարանը հյուրընկալել է Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի հետ համագործակցության առաջին ուսանողին՝ Կրթության ֆակուլտետի ուսանող Էսա Տորմանենին:
Վերջինս իր երեքշաբաթյա հետազոտական պրակտիկան անցկացնում է Մանկավարժական համալսարանի Միջազգային համագործակցության բաժնում:
Armspu.am-ի հետ զրույցի ընթացքում Էսա Տորմանեն կարևորեց միջազգային համագործակցությունը կրթության ոլորտում՝ նշելով, որ Մանկավարժական համալսարանում անցկացրած պրակտիկայի արդյունքները տեղ կգտնեն իր մագիստրոսական թեզում, որում նա կանդրադառնա տրանս-ազգային համայնքի մասնագիտական ուսուցմանը:
Պրակտիկայի ընթացքում ֆին մագիստրոսը հարցազրույցներ է անցկացրել բուհի պրոռեկտորների, համագործակցության շրջանակում ընդգրկված ՀՊՄՀ ներկայացուցիչների հետ:
Անդրադառնալով Հայաստան կատարած առաջին այցելությանը՝ Էսա Տորմանենն իր հիացմունքը հայտնեց հայերի՝ հատկապես հյուրասիրության և հետաքրքիր այլ ազգային առանձնահատկությունների վերաբերյալ:
Ֆին մագիստրոսի պրակտիկան Մանկավարժական համալսարանում ղեկավարում է Միջազգային համագործակցության բաժնի պետ Քրիստինա Ծատուրյանը. վերջինս տեղեկացրեց, որ շուտով բուհի երկու ուսանողուհիներ իրենց պրակտիկան կանցկացնեն Ֆինլանդիայի Օուլուի համալսարանում:
«Հետազոտական պրակտիկան այլ բուհում անցկացնելը նպաստում է ուսանողների՝ համագործակցության, հաղորդակցման հմտություններ ձեռք բերելուն, ինչպես նաև հնարավորություն է ընձեռում ծանոթանալ տվյալ երկրի կրթական, աշխատանքային ոլորտների առանձնահատկություններին ու մշակույթին»,-armspu.am-ի հետ զրույցում նշեց Քրիստինա Ծատուրյանը՝ չբացառելով, որ ֆին մագիստրոս Էսա Տորմանենի հետազոտական արդյունքները միգուցե եզրակացություններ անելու հիմք հանդիսանան:
Ի դեպ, առաջիկայում ևս երկու ֆին ուսանող իրենց պրակտիկան կանցկացնեն Մանկավարժական համալսարանում: