Մանկավարժական համալսարանն այսօր հյուրընկալել էր ամերիկահայ բանասեր, հրատարակիչ, սփյուռքահայ գրող Հովսեփ Նալբանդյանին:

Պատմության և իրավագիտության ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ընթացքում գրողն անդրադարձավ իր հեղինակած«Մեսրոպ Մաշտոց Մեծասքանչը» գրքին, ապա խոսեց աշխարհի տարբեր երկրներում առկա գրքի տարածման, վաճառքի և հրատարակչական խնդիրներին:
Հրապարակախոսը անդրադարձավ սփյուռքի կրթական հիմնախնդիրներին, տարբեր հայաշատ համայնքներում նվազող հայկական դպրոցներին:
«Հայապահպանման խնդիրներն օրեցօր առավել ակնառու են դառնում. ազգային խնդիրներից ամենամեծը հենց լեզվի և մտածողության զարգացումն է»,- նշեց Հովսեփ Նալբանդյանը: «Չկա լեզու` չկա ազգություն». ուսանողների հետ հանդիպման ընթացքում վստահեցրեց ամերիկահայ ճանաչված գրականագետն ու հորդորեց ներկաներին շատ կարդալ` հատկապես հայերենով:
Ազգային-հասարակական գործիչն անդրադարձավ նաև ներկայիս գլոբալիզացիայի դարաշրջանում հայկական գաղթօջախների առջև ծառացած խնդիրներին, արտագաղթի, ներգաղթի հետ կապված մի շարք հարցերի:
Հանդիպման ավարտին Հովսեփ Նալբանդյանը Մանկավարժական համալսարանի Հումանիտար գրականության ընթերցասրահին նվիրեց «Մեսրոպ Մաշտոց Մեծասքանչը» գիրքը: 680 էջից բաղկացած գիրքը նվիրված է Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակին.նրանում հավաքագրվել և ի մի են բերվել Պատմահոր` հայոց լեզվին նվիրված բազմաթիվ բանաստեղծություններ, ասույթներ և արդեն թևավոր դարձած խոսքեր: