Երեկ տեղի ունեցավ Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության եւ ստեղծագործական կազմակերպությունների հետ համատեղ հայտարարած 2013 թ. ստեղծագործական եւ գիտական աշխատանքի համազգային մրցանակաբաշխությունը:
Մրցույթի նպատակն է նպաստել Հայաստանի գիտական եւ ստեղծագործական մտավորականության գործունեության ակտիվացմանը, խթանել երկրի մտավոր կյանքի աշխուժացումը:
Մրցանակաբաշխությանը մասնակցել էին մտավորականներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից եւ Սփյուռքից:
Մանկավարժական համալսարանի մի խումբ դասախոսներ եւս իրենց աշխատանքներն էին ներկայացրել մրցանակաբաշխությանը. նրանցից մի քանիսն արժանացան դիպլոմների և պարգևների:
Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ Սփյուռքի նախարարության և Հայաստանի նկարիչների միության կողմից հայտարարված կերպարվեստի լավագույն ստեղծագործությունների համահայկական մրցանակաբաշխությունում Մանկավարժականից դափնեկիրներ ճանաչվեցին Դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անուշ Եղիազարյանը, Կերպարվեստի ամբիոնի պրոֆեսոր Վարդգես Գուլիկյանը և դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Արտաշես Քեշիշյանը:
Վերջիններիս՝ գոբելեն, գեղանկար և հարթաքանդակ աշխատանքներն արժանացել են մրցանակաբաշխության կազմկոմիտեի հավանությանը, որը ղեկավարում էր Ռուսաստանի հայերի միության և Համշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը:
Մրցութային ենթահանձնաժողովը նախագահում էր ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ, ՀՊՄՀ Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնի պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր Հրավարդ Հակոբյանը:
Մրցույթ անցակցվել է նաեւ գիտության եւ արվեստի այլ ոլորտներում: Մանկավարժական համալսարանի Հեռուստառադիոլրագրության ամբիոնի պրոֆեսորի պաշտոնակատար, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը և Երաժշտության ամբիոնի վարիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը «Մրցանակաբաշխություն 2013»-ում պարգևատրվել են համապատասխանաբար Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի աշխատանքները լավագույնս լուսաբանելու և Սփյուռքի նախարարության հետ ակտիվորեն համագործակցելու համար:
Ի դեպ, գիտական և ստեղծագործական լավագույն աշխատանքների մրցանակաբաշխությունը կազմակերպվել և անց է կացվում 2007 թվականից՝ Համաշխարհային Կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության կողմից, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Հայաստանի ստեղծագործական միությունների մասնակցությամբ:
Մրցանակաբաշխությունը, որպես համահայկական նշանակության միջոցառում, անց է կացվում ՀՀ Սփյուռքի նախարարության հետ համատեղ, ՀՀ Մշակույթի, Կրթության և գիտության նախարարությունների համագործակցությամբ և աջակցությամբ: