ՄԱԿ-ի հռչակած Իսպաներենի օրը Մանկավարժական համալսարանում նշվեց տոնական միջոցառմամբ:Իսպանական երգեր, ֆլամենկո, պոեզիա, Արգենտինայի, Իսպանիայի,
Պերուի,Բուենոս Այրոսի մասին պատմող պատկերացին ներկայացումներ. Մանկավարժականի ուսանողները Իսպանիայի ազգային օրը վերածեցին իրական տոնի:
Բուհի և ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության (ՄԱԿ ՀՏՎ) համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման նպատակն էր ևս մեկ անգամ հիշեցնել, թե ինչ կարևոր դերակատարում ունի իսպաներենը՝ ՄԱԿ-ի ուղերձը տարածելու հարցում:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանում ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության գրասենյակի ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն, ՀՀ Արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահան Կաժոյանը, Ամերիկայի վարչության Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի բաժնի վարիչ Կարեն Մարտիրոսյանը, բուհի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողներ:
Մարիա Դոցենկոն, տպավորված էր միջոցառմամբ. «Կարևոր է, որ հայերը սովորեն իսպաներեն. այն կօգնի ճանաչել իրենց շրջապատող աշխարհն ու դառնալ աշխարհի քաղաքացիներ: Մենք ապրում ենք բազմալեզու աշխարհում, որտեղ լեզուները, որոնցով խոսում ենք, կարդում ու գրում, ազդում են մեր մտածելակերպի վրա: Ուրախալի է, որ Մանկավարժականի ուսանողները տիրապետում են լեզվին և միջոցառման ընթացքում իսպանական մշակույթը ներկայացրին ըստ արժանվույն»:

ՀՀ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Վահան Կաժոյանն էլ նկատեց` աշխարհում յուրաքանչյուր պահի 20 մլն մարդ ուսանում է իսպաներեն. Մանկավարժականի ուսանողները նրանց շարքում են:Վահան Կոժոյանը միակ թերությունը համարեց այն, որ իսպաներենով առավել հետաքրքրված են իգական սեռի ներկայացուցիչները.« Գենդերային հավասարությունն այս պարագայում հակառակ կողմն է խախտված և պետք է լրացնել այդ բացը»,-հավելեց նա:
Վերջինս հորդորեց երիտասարդներին ուսումնասիրել լեզուներ և վստահեցրեց` դրանց իմացությունը թույլ կտա դուրս գալ միջազգային ասպարեզ և առավել մեծ հաջողություններ ունենալ:
Իսպաներենի միջազգային օրվա առթիվ ուսանողներին շնորհավորեց նաև Ռոմանական լեզուների ամբիոնի վարիչ Դոնարա Ղազարյանը: Վերջինս հպարտությամբ նշեց, որ ֆակուլտետում դասավանդվում են ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներից երկուսը`իսպաներենը և ֆրանսերենը, որոնք աշխարհի ամենագեղեցիկ լեզուներն են:
Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանն էլ հավելեց. «Արդեն երկրորդ տարին անցկացվող միջոցառման նպատակն է ուսանողների շրջանում մեծացնել իսպաներեն լեզվի, մշակույթի նկատմամբ հետաքրքրվածությունը: Մանկավարժական համալսարանում իսպաներենի դասավանդման պատմությունը չնայած նոր է, բայց շուրջ 70 ուսանող նախապատվությունը տվել է հենց այդ լեզվին, իսկ որպես մասնագիտական երկրորդ լեզու ընտրած ուսանողները հաղթել են մի շարք մրցույթներում»:
Միջոցառման ավարտին ֆակուլտետի դեկանը ներկաներին տեղեկացրեց, որ առաջիկայում ուսանողները կարող են իրենք նախաձեռնել իսպաներենին նվիրված միջոցառումներ` ներկայացնելով սեփական նախագծերը: Դեկանը վստահեցրեց` լավագույնները կարժանանան մրցանակի:
Նշենք, որ «ՄԱԿ-ում լեզուների օրեր» նախաձեռնությունը Հայաստանում նշվում է 2010 թվականից, որը նպատակ ունի խթանել լեզվական և մշակութային բազմազանությունը: