Մանկավարժական համալսարանում կայացավ Գիտական խորհրդի հերթական նիստը: ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց ամսվա հոբելյարներին` պրոֆեսորներ Ներսես

Մկրտչյանին, Հրաչյա Աշուղյանին և Ռաֆիկ Նահապետյանին:
«Ստացել եմ մշակույթի ոլորտի գրեթե բոլոր կոչումները, սակայն ինձ համար մեծ պատիվ է արժանանալ հանրապետության հնագույն բուհերից մեկի՝ մանկավարժական դարբնոցի պատվոգրին»-ասաց ռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ Հրաչյա Աշուղյանը:
Ռաֆիկ Նահապետյանն էլ, ով շուրջ հինգ տասնամյակ աշխատել է կրթության ոլորտում, նշեց` Մանկավարժականն իր համար դարձել է պատվի ու պատասխանատվության օջախ:
Ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը գիտական խորհրդին ներկայացրեց մինչև 2013 թվականի հոկտեմբեր ՈՒԽ-ի կատարած աշխատանքների մասին հաշվետվությունը:
Ներկայացվածի շուրջ տեղի ունեցավ ակտիվ քննարկում. Գիտական խորհրդի անդամները ուսանողների սոցիալական խնդիրների, ուսանողական խորհրդի ծրագրային ֆինանսավորման, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համագործակցության և այլ խնդիրների շուրջ հարցեր ուղղեցին ՈւԽ նախագահին:
Գիտխորհրդի անդամներն առաջարկեցին` հաջորդ հաշվետվություններում ներկայացնել նաև ուսանողների գործունեության համակողմանի հաշվետվություն, ինչպես նաև առաջիկա ծրագրերը:

Բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը նշեց, որ գոհ է Ուսանողական խորհրդի նախագահի աշխատանքից և փաստեց` նկատելի առաջընթաց կա: Առավել մեծ ուշադրություն ուսանողների սոցիալական խնդիրներին, մագիստրոսների աշխատանքի կարևորում, օտար լեզուների, մասնավորապես, ռուսաց լեզվի գծով թեկնածուականների պաշտպանության բացակայություն, ուսանողների շերտավորում, պասիվ ուսանողների ներգրավում ուսանողական ծրագրերում, ուսանողական լիդերների մեկուսացում կամ ոչ ճիշտ ընտրություն.ռեկտորի գնահատմամբ այս խնդիրները պետք է լինեն Ուսանողական խորհրդի մշտական ուշադրության ներքո:
Գիտխորհուրդը քննարկեց նաեւ ընթացիկ հարցեր: Պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանի ներկայացմամբ՝ գիտխորհրդի անդամները հաստատեցին գիտական 5 թեմաներ, իսկ պրոռեկտոր Արա Երեմյանը ներկայացրեց կառուցվածքային ստորաբաժանումների կանոնակարգերի նախապատրաստական ընթացքը, իսկ Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկանն էլ անդրադարձավ ինֆորմատիկայի ուսումնական ծրագրերի վերանայմանը:
Գիտական խորհրդի անդամները նիստի ընթացքում հաստատեցին ուսանողական կրթաթոշակները. Օտար լեզվի ֆակուլտետից Բայրոնի անվանական կրթաթոշակին ներկայացվեց անգլերեն մասնագիտությամբ 4-րդ կուրսի ուսանողուհի Հռիփսիմե Մկրտչյանը, Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետից Վիկտոր Համբարձումյանի անվանական կրթաթոշակի ներկայացվեց ֆիզիկա մասնագիտությամբ մագիստրոս Անուշ Մկրտչյանը, իսկ Անանիա Շիրակացու կրթաթոշակին՝ մաթեմատիկա մասնագիտությամբ 2-րդ կուրսի ուսանողուհի Փիրուզա Մխիթարյանը:
Նիստի ավարտին փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեցին պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների ներկայացված դասախոսները: