«Վարդգես Պետրոսյանը մշտական ներկայություն է հայ գրականության մեջ: Հախուռն բնավորությամբ ինքնաթրծված անձանվորություն, որ օժտված էր իր ժամանակից առաջ քայլելու
սովորությամբ»,-գրողի ծննդյան 80-ամյակին նվիրված գիտաժողովի բացման խոսքում նշեց Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը:
Նա կարևորեց հայ գրամշակութային կյանքում արձակագիր, հրապարակախոս, «Գարուն» ամսագրի խմբագրի մատուցած ծառայությունը՝ նշելով, որ եթե Հայաստանի բանալին մայրենի լեզուն է, ապա Վարդգես Պետրոսյանի բանալին՝ հայ գրականության անշահ ճանապարհների ազգային բանաձևերի հայտնագործումն է:
«Հակիճ, պարզ ու հասարակ, բայցև տարողունակ և կառուցող խոսք».բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարտին Գիլավյանն այսպես բնութագրեց Վարդգես Պետրոսյանին՝ հպարտությամբ նշելով այն մասին, որ անձամբ ծանոթ է եղել գրողին և ժամանակի երիտասարդ մի խումբ գրողների հետ համախմբվել նրա շուրջը:
Մարտին Գիլավյանն անդրադարձավ 60-70-ականների գրական զարգացումներին և այդ համատեքստում Վարդգես Պետրոսյանի ստեղծագործություններին, իսկ գիտաժողովի կազմակերպիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Լուսինե Գալստյանն իր զեկույցում ներկայացրեց գրողի ստեղծագործություններում մտավորականի կերպարը:
Արձակագրի «Սփյուռք-հայրենիք», «Հայկական էսքիզներ» ստեղծագործություններին անդրադարձան բանասիրական գիտությունների թեկնածու-դոցենտներ Արմինե Մուրադյանն ու Նաիրա Խաչատրյանը, իսկ Մայա Գրիգորյանը՝ նրա հրապարակախոսությանը:
Գիտաժողովի ընթացքում 1-4-րդ կուրսի ուսանողներ Վանուհի Բաղրամյանը, Արմեն Սարգսյանը, Լուսինե Գևորգյանը, Քրիստինե Գրիգորյանը, Մուշեղ հարությունյանը, Լիլիթ Կարապետյանն ու Անուշ Մխիթարյանը ընթերցեցին գրողի տարբեր վիպակներից հատվածներ ու վերլուծականներ:
«Ձեռքը դնելով գրականության զարկերակին՝ Վարդգես Պետրոսյանն այն դարձրեց մշակույթ. սա մեծ նվաճում է»,-ասաց Հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Համբարձումյանը՝ հույս հայտնելով, որ գրողի ստեղծագործությունները գնալով կուսումնասիրվեն առավել խորությամբ:
Գիտաժողովին ներկա էին նաև Վարդգես Պետրոսյանի դուստրն ու այրին՝ Անահիտ Պետրոսյանն ու Էմմա Մակարյանը:
Վերջինս իր հիացմունքը հայտնեց ներկայիս երիտասարդների՝ գրականությամբ և հատկապես Վարդգես Պետրոսյանի ստեղծագործություններով հագեցած լինելու առթիվ՝ հույս հայտնելով, որ գրականությունը շուտով կվերականգնի իր նախկին փառքը:
Վարդգես Պետրոսյանի ծննդյան 80-ամյակին նվիրված գիտաժողովը կազմակերպել էր Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը: