ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կարլեն Միրզախանյան. «Արվեստագետը կարգավիճակ չէ, այլ վաստակած կոչում»
18.10.2013
Կուլտուրայի ֆակուլտետում այսօր կայացավ նույն ֆակուլտետի հիմնադիր դեկան, ականավոր մշակութային գործիչ, մանկավարժ, պատմական գիտությունների թեկնածու, ՀԽՍՀ Կուլտուրայի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Կարլեն Միրզախանյանի ծննդյան 90-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ:
«Մշակույթի ասպետ». այսպես բնորոշեցին Կարլեն Միրզախանյանին նրա գործընկերներն ու տարբեր տարիների շրջանավարտներ, որոնք նրա հիմնադրած կրթօջախում այսօր ևս մեկ անգամ արժևորեցին մշակույթի ականավոր գործչի գործունեությունը:
«Այս անունը լսելիս նրան ճանաչողների դեմքին կհայտնվի մի տաք ժպիտ, որի մեջ կա և´ ուրախություն, և´ ափսոսանք: Շատերն են ապրել աղմկոտ և իրադարձություններով լեցուն կյանք, բայց հազվագյուտ անհատների է վիճակվել մարդկանց սրտերում ու հուշերում ապրել մահից հետո»,-միջոցառման բացման խոսքում նշեց ՀՊՄՀ շրջանավարտ, Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը:
«Բարեկիրթ և մարդամոտ». Կարլեն Միրզախանյանին բնորոշեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, գորընկեր Վլադիմիր Բարխուդարյանը, ով մինչ օրս զարմացած է, թե ինչպես կարող էր պատմաբանը այդպես զգալ ու հասկանալ մշակույթի դերը մի համալսարանում, որի առաքելությունը մանկավարժներ պատրաստելն է:
Կարլեն Միրզախանյանի մասին իրենց հուշերը պատմեցին նաև Ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր Սուրեն Հասմիկյանը, Թանգարանագիտության և հուշարձանագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լավրենտի Բարսեղյանը:
Վերջիններս համակարծիք էին՝ պրոֆեսորը կարողացել է իր շուրջը համախմբել հայ մշակութային կյանքի այնպիսի գործիչների, որոնք իրենց հոգու կրակով և խանդավառությամբ ուսանողների շրջանում կարողացան ստեղծագործական աննախադեպ ալիք բարձրացնել:
«Ծայրաստիճան կարգապահ և խիստ պահանջկոտ, որին ավելանում էր նաև հայրական հոգատարությունը»,-պատմում են Կուլտուրայի ֆակուլտետի տարբեր տարիների շրջանավարտները, որոնք մշտապես հիշում են Կարլեն Միրզախանյանի այն հորդորը, թե արվեստագետը կարգավիճակ չէ, այլ վաստակած կոչում, որին հասնում են աշխատանքով, գնահատվում՝ թողած արդյունքով:
«Չգիտեմ, թե կյանքս ինչպես կընթանար, եթե Կարլեն Միրզախանյանը Կուլտուրայի ֆակուլտետն ավարտելուց հետո ինձ չհրավիրեր աշխատանքի: Ես իմ կյանքի բոլոր հաջողությունները կապում եմ հենց նրա հետ, որի անունը ֆակուլտետի պատմության մեջ արդենիսկ ամրագրված է ոսկե տառերով»,-նշեց Պարարվեստի մանկավարժության ամբիոնի վարիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Կարեն Գևորգյանը:
Կարլեն Միրզախանյանի անունը նույնքան կարևոր նշանակություն ունի նաև Երաժշտության ամբիոնի վարիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանի համար, ով հանդիսատեսինպատմած իր բազմաթիվ հուշերում նրան ներկայացրեց ոչ միայն որպես խստապահանջ մանկավարժ, այլև հոգատար և կենսուրախ մարդ:
«Կուլտուրայի ֆակուլտետը Կարլեն Միրզախանյանի համար եղել է ընտանիք, ուսանողներն ու դասախոսներն էլ՝ ընտանիքի անդամներ»,-ասաց ֆակուլտետի ներկայիս դեկան, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գևորգ Թադևոսյանը և խոստացավ պահպանել նրա ստեղծած ավադույթները:
Ցերեկույթի ընթացքում առաջարկ հնչեց ֆակուլտետում տեղադրել հիմնադիր-դեկանի կիսանդրին, ինչպես նաև սահմանել Կարլեն Միրզախանյանի անվանական կրթաթոշակ:
Մշակույթի վաստակավոր գործչի ծննդյան 90-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթի ընթացքում ներկաները դիտեցին նրա մասին պատմող ֆիլմ, որն ամփոփում էր նրա կյանքի ողջ ուղին:
Ցերկույթին ներկա էին Կարլեն Միրզախանյանի որդին՝ Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, ընտանիքի անդամներ, հարազատներ, գործընկերներ և տարբեր տարիների շրջանավարտներ: