Օրերս Պատմության և իրավագիտության ֆակուլտետի ուսանողներն իրենց հերթական այցով Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում էին, որտեղ մասնակցեցին
.jpg)
սեմինար-դասախոսության:
Ուսանողները թանգարանում ծանոթացան մինչ կոտորածները Օսմանյան կայսրությունում հայերի վիճակի և նրանց զբաղեցրած դիրքի վերաբերյալ նյութերին ու վկայություններին, հայ-թուրքական հարաբերություններին, հայկական բնակավայրերին, հայերի մշակութային կյանքին:
Փաստաթղթեր, Ցեղասպանությունից մազապուրծ հայերի հուշեր և լուսանկարներ, օտարերկրացի գիտնականների, փաստաբանների նոթեր Հայոց ցեղասպանության մասին.ապագա պատմաբանները մանրամասն տեղեկացան Ցեղասպանության շարժառիթներին և պատճառներին:
Նրանց ներկայացվեցին այն բնակավայրերը, որտեղ տեղի են ունեցել հայերի ջարդերը. խոսվեց նաև հայերի կազմակերպած ինքնապաշտպանական մարտերի մասին:
Այցելության ընթացքում ուսանողները դիտեցին 1918 թվականին ԱՄՆ-ում նկարահանված Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական ֆիլմ:
Թանգարանի երրորդ բաժնում ուսանողներին ներկայացվեց Ցեղասպանության հետևանքները, կորուստներն ու այն երկրները, որտեղ ապաստան գտան կոտորածից փրկված հայերը.անդրադարձ եղավ նաև նրանց ներկայիս վիճակին:
«Ամեն տարի իրականացվող այցի նպատակն է գալիք սերունդներին`այս դեպքում ապագա պատմաբան-իրավագետներին, առավել մանրամասն ներկայացնել Հայոց հարցը. ի վերջո հենց նրանք իրենց գիտելիքներով պետք է նպաստեն Հայոց հարցի, Ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը: Այդ առումով հատկապես կարևոր է Հայոց ցեղասպանության հետ կապված միջազգային տարբեր կառույցների դիրքորոշումն ու խնդրի լուծման ուղիները`հատկապես իրավական տեսանկյունից»,- armspu.am-ի հետ զրույցում նշեց Պատմության և իրավագիտության ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախագահ Տիգրան Խաչատրյանը:
Ուսանողներն այցելեցին նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ դրեցին անմեղ զոհերի հիշատակին: