ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մահացել է Մհեր Կարապետյանը
22.10.2013
Կյանքի 74-րդ տարում վախճանվեց հանրապետության ճանաչված պատմաբան, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մհեր Ստեփանի Կարապետյանը: Նրա ամբողջ գիտակցական կյանքը կապված էր մանկավարժական մայր բուհի հետ:
Մ. Կարապետյանը ծնվել է 1939 թ. դեկտեմբերի 11-ին Երևանում, ուսուցչի ընտանիքում:
1962-ին ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը, որից հետո մեկ տարի աշխատել է Հոկտեմբերյանի շրջանի Ջանֆիդայի միջնակարգ դպրոցում:
1964 թ. ընդունվել է մանկավարժական ինստիտուտի առկա ասպիրանտուրան` հայոց պատմության գծով:
1967-1975 թթ. աշխատել է իբրև ինստիտուտի գիտական քարտուղար:
1972-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1975-1995 թթ. եղել է հայոց պատմության ամբիոնի դոցենտ:
1996-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, այնուհետև ստացել պրոֆեսորի կոչում:
1997-ից մինչև օրս հայոց պատմության ամբիոնի վարիչն էր:
Մ. Կարապետյանը հեղինակ է շուրջ 100 գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների, որոնցից 10-ը` մենագրություններ և ուսումնական ձեռնարկներ: Նրա աշխատությունները վերաբերում են հայ ազգային-ազատագրական շարժման և Հայոց ցեղասպանության պատմության և պատմագրության հարցերին:
Մ. Կարապետյանի ղեկավարությամբ թեկնածուական ատենախոսություններ են պաշտպանել բազմաթիվ ասպիրանտներ և հայցորդներ: Նա սիրված դասախոս էր, ուսանողների և դասախոսների համար` ջերմ զրուցակից: Մ. Կարապետյանը մանկավարժական համալսարանի և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում գործող ԲՈՀ-ի Հայոց պատմության մասնագիտական խորհուրդների անդամ էր: Երկար տարիներ ղեկավարել է մանկավարժական համալսարանի գիտական խորհրդի գիտական և ուսումնամեթոդական հարցերի հանձնաժողովի աշխատանքները:
Մ. Կարապետյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու, Խաչատուր Աբովյանի մեդալներով, Ֆրիտյոֆ Նանսենի հուշամեդալով:
Մ. Կարապետյանի հիշատակը հավերժ կմնա նրան ճանաչողների սրտերում: