ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Համալսարան-գործատու հանդիպում Մանկավարժականում
24.10.2013
Այսօր Մանկավարժական համալսարանում էին «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության ներկյացուցիչները: Համալսարան-գործատու համագործակցության կենտրոնի կազմակերպած հանդիպման շրջանակում ընկերության աշխատակիցները բուհի ուսանողներին առաջարկեցին աշխատանքային այնպիսի պայմաններ, որոնք հնարավորություն կտան ուսումնառությանը զուգընթաց ստանալ ուսուցման գործընթացին չխոչընդոտող պայմաններում որոշակի ֆինանսական եկամուտ:
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության Էրեբունի մասնաճյուղի կառավարիչ Վահե Խաչատրյանն անհրաժեշտ տեղեկատվություն հաղորդեց ընկերության, մատուցվող ծառայությունների, «Պարտադիր ապահովագրության մասին» օրենքի, ապահովագրական օբյեկտների ու հատուցման ստացման ձևերի վերաբերյալ:
Հաճախորդների ներգրավում, պայմանագրերի համակարգչային եղանակով կնքում, պայմանագրերի հանձնում համապատասխան մասնաճյուղ. սրանք գործակալի հիմնական գործառույթներն են, որոնք կօգնեն ուսանողին առանց դասապրոցեսից կտրվելու` աշխատել և ձեռք բերել փորձառություն:
Ընկերության ներկայացուցիչը վստահեցրեց` միջազգային փորձի փոխանցումը, բարձրորակ գործակալների կողմից ուղղորդումն ու աջակցությունը կնպաստեն նոր ունակությունների ձեռքբերմանը:
ՀՊՄՀ պրոռեկտոր Արա Երեմյանն իրավական տեսանկյունից դիտարկեց առաջարկն ու նշեց` ընկերությունում աշխատանքն ուսանողին կօգնի առանց լուրջ ջանքեր գործադրելու և առանց ժամանակի կորստի վաստակել գումար` մասամբ լուծելով ուսման վարձավճարի խնդիրը:
Հեռանկարային ծրագրերի մշակման և մշտադիտարկման վարչության պետ Ռիտա Գևորգյանը ևս փաստեց.<<Առաջարկն իսկապես ուշագրավ է.այն կօգնի ձեռք բերել աշխատանքային հմտություններ, համապատասխան աշխատանքային փորձ, որը ներկայիս աշխատաշուկայում յուրաքանչյուր գործատուի կողմից կարևորվում է, իսկ թափուր աշխատատեղին դիմելիս ուսանողին կտա որոշակի առավելություն>>:
Նշենք, որ Համալսարան-գործատու համագործակցության կենտրոնի հանդիպումները պոտենցիալ գործատուների հետ շարունակական են: