ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Պետք է ոչ միայն գրել և կարդալ հայերեն, այլև խոսել»
24.10.2013
«Մայրենի լեզվի պահպանումը համարում եմ համազգայի՛ն հետաքրքրության հարց: Կատարվում է հայերենի բացարձակ ջարդ և ոչնչացում, լեզվամշակութային ստրկացում, որ առաջ է բերում աշխարհաքաղաքական ագրեսիա»,-մանկավարժական համալսարանի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ նշեց գրող, գրականագետ, գրաքննադատ, դրամատուրգ, արձակագիր Ալեքսանդր Թոփչյանը և կոչ արեց ապագա մանկավարժներին սովորեցնել ոչ միայն գրել և կարդալ հայերեն, այլև խոսել:
 
Նա մանկավարժականում էր իր կնոջ՝ դերասանուհի, արձակագիր, թարգմանչուհի Անահիտ Թոփչյանի հետ:
 
«Բանականության և գեղեցիկի բանաձև. դրանք երբեմն բախվում են՝ ծնելով ճշմարտություն: Այսօրվա հանդիպումը հենց դրա համանվագն է»,-ողջույնի խոսքում նշեց հանդիպման նախաձեռնող, Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Սուրեն Դանիելյանը՝ ավելացնելով, որ անհատականություն դարձած արվեստագետների ստեղծագործական գործունեությունը շարունակում է մնալ Բանասիրական ֆակուլտետի ուսումնական գործընթացի առանցքում:
 
Հյուրերն անդրադարձան իրենց ստեղծագործական կյանքին, գրական քայլեր անելու շարժառիթներին և պատասխանեցին ներկաների հարցերին:
 
Տարբեր առիթներով Մանկավարժականում հյուրընկալված Ալեքսանդր Թոփչյանը, համեմատելով բուհի անցյալն ու ներկան, նկատեց՝ համալսարանի վերակառուցումը ներքին անդորր է բերել ուսանողներին:
 
Երկխոսության շրջանակում ուսանողների հետ զրուցեց նաև դերասանուհի, արձակագիր, թարգմանչուհի Անահիտ Թոփչյանը: Վերջինս անդրադարձավ տարբեր տարիներին իր ստեղծագործական փնտրտուքներին, ներկայիս գործունեությանը, ներկայացրեց տպագրված գրքերն ու հատվածներ խաղացած դերերից:
 
Անահիտ Թոփչյանն իր՝ դերասան, արձակագիր, թարգմանիչ մասնագիտություններից ոչ մեկը չառանձնացրեց որպես առավել հոգեհարազատ՝ նշելով՝ «Այդ երեք մասնագիտությունները միասին են: Գիտակցելով իմ անհատականությունը՝ հասկացել եմ, որ դեռևս զարգացման ճանապարհին եմ և չգիտեմ՝ վաղն ինչ կարող եմ անել»:
 
Բազմաթիվ գրքերի հեղինակ, 100-ից ավելի դեր կերտած Անահիտ Թոփչյանի համար ամենամեծ գնահատականն իր ընթերցողի և հանդիսատեսի՝ իրենից ստացած տպավորություն է. «Եթե մտնում ես մարդկանց հոգիներն այնպես, որ երկար ժամանակ չեն մոռանում, ուրեմն գնահատված ես»: