Մանկավարժական համալսարանում մեկնարկեցին «Մաթեմատիկական կրթություն» թեմայով երկօրյա հանրապետական գիտաժողովի աշխատանքները: «Մաթեմատիկան դպրոցում»

ամսագրի 15-ամյակին նվիրված գիտաժողովի բացման խոսքով հանդես եկավ Ուսումնագիտական գծով պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը:
Պրոռեկտորը, կարևորելով գիտաժողովի աշխատանքները, նշեց. «Մաթեմատիկական մտածողության ճշմարտական ընթացքը, աշխարհակառույցի հիմքում ընկած դրա գաղափարները մաթեմատիկան դարձնում են անփոխարինելի գործիք` բնության և մտածողության զարգացման, ձևավորման, ուսումասիրման գործում: Դեռևս անտիկ ժամանակաշրջանից թվերի լեզուն եղել է գիտության այլ ճյուղերի ուշադրության կենտրոնում.այդ մասին են վկայում նաև հայ մեծ գիտնական Անանիա Շիրակացու աշխատությունները»:
Սրբուհի Գևորգյանը նկատեց` մաթեմատիկական ուսուցման կազմակերպման, մաթեմատիկայի առարկայական ծրագրերի, չափորոշիչների և դասագրքերի ստեղծման գործում իր բացառիկ դերն ունի ՀՊՄՀ-ն. այն իր գործունեության 90 տարիների ընթացքում պատրաստել է մաթեմատիկայի բազմաթիվ ուսուցիչներ. «Մեծ է նաև համալսարանի մասնագետների ավանդը մաթեմատիկական կրթության արդիականացման, կրթական ավանդական մեթոդների կատարելագործման, նոր տեխնոլոգիանների ներդրման, արժեքների ձևավորման գործում.խնդիրներ, որոնց չի շրջանցում նաև «Մաթեմատիկան դպրոցում» ամսագիրը»:

ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը սահմանափակ և վնասակար համարեց այն մտայնությունը, որ մաթեմատիկան միայն գիտության լեզու է. այն, ինչ կա ֆիզիկական աշխարհում, իր արտացոլումն է գտնում նաև մաթեմատիկայում, իսկ «մաթեմատիկական մտածելակերպ» եզրույթը վաղուց է շրջանառվում:
Խոսելով մաթեմատիկայի դասավանդման մասին` փոխնախարարը նկատեց` հանրակրթական ուսումնական ծրագրերում մաթեմատիկայի դասավանդումը երբևէ օրակարգային հարց չի եղել.առարակայի ուսուցումն անհրաժեշտ է յուրաքանչյուրին` առանց հաշվի առնելու մաթեմատիկական ունակությունները:
Մանուկ Մկրտչյանը կարևորեց 15 տարի առաջ ստեղծված ամսագրի դերակատարումը` նշելով, որ «մաթեմատիկայի հանրակրթական նշանակություն» տերմինը ներդրել է ՀՊՄՀ Մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ամսագրի խմբագիր Համլետ Միքայելյանը:
Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը, ներկայացնելով «Մաթեմատիկան դպրոցում» ամսագրի ստեղծման պատությունն ու 15 տարիների ընթացքում կատարված աշխատանքների հանրագումարը, նկատեց` ամսագրի 92 համարներից յուրաքանչյուրը կարծես մեկ ամբողջական, որոշակի կապ ու օրինաչափություն ունեցող հատորներ լինեն:
Հետազոտական, գիտամեթոդական, օգնություն ուսուցչին, արտադասարանական, հետաքրքրաշարժ, միջառարկայական, գնահատման համակարգեր, խորացված ուսուցում, պաշտոնական և

այլն. սրանք ամսագրի` ամենահաճախ հանդիպող խորագրերն են, որոնք պատրաստվում են ուսուցիչների կողմից և հասցեագրված են հենց նրանց:
ԿԱԻ-ի տնօրենն ուրախությամբ նշեց`ամսագիրը տպագրվում և անվճար փոխանցվում ինչպես ՀՀ, այնպես էլ ԼՂՀ և Ջավախքի հանրակրթական դպրոցներին:
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վանիկ Զաքարյանը, անդրադառնալով ամսագրի ստեղծմանը, նկատեց` ամենաօգտակարն այն է, ինչ ստեղծվում է աշակերտների համար. ամսագիրն իր որակով ու դրա դերակատարմամբ հենց այդպիսին է:
Ակադեմիկոսը ցանկություն հայտնեց, որ Մանկավարժականում առավել կարևորվեն դասավանդման մեթոդիկան, իսկ բուհի դասախոսներն էլ իրենց ակտիվ մասնակցությունն ունենան մեթոդական քննարկումներին:
«Դեռևս 15 տարի առաջ մենք ձևավորեցինք մի դաշտ, որը նպաստեց մաթեմատիկայի ոլորտի զարգացմանն ու ամսագրերի ստեղծմանը: Մենք լուծեցինք «լողացող գիտելիքի, կրթության» խնդիրը: Ես նկատի ունեմ, որ այն կատարեց կարգադրվող գործառույթ.չէ՞ որ, այն, ինչ պարտադրվում է ժամանակի մեջ, հանդիպում է դիմադրության: Ամսագիրը նոր գաղափարոխոսություն էր կրում, որը զերծ էր կաղապարներից»,-իր ելույթի ընթացքում նշեց «Մաթեմատիկան դպրոցում» ամսագրի խմբագրական խորհրդի հիմնադիր նախագահ Վիկտոր Մարտիրոսյանը:

Վերջինս անդրադարձավ նաև ամսագրի ստեղծմանը, ներկայիս խնդիրներին, կարևորեց մանկավարժական մտքի ակադեմիական շեշտադրումը, դրա շարունակականությունն ու սկզբունքները:
Ամսագրի գլխավոր խմբագիր Համլետ Միքայելյանը կրթությունն է համարում հայոց հավերժության ճանապարհը, որտեղ անգրագետ ուսուցիչը տեղ չունի. «Կրթությունը սրբության սրբոց է, որի նկատամամբ անվսհատությունը կործանարար է: Եթե մաթեմատիկան համամարդկային արժեք է, ապա մաթեմատիկական կրթությունն ազգային արժեք է»,-հավելեց Մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչը:
Գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին մաթեմատիկական կրթությանն ու ուսուցմանը վերաբերող զեկույցներով:
Երկօրյա գիտաժողովի աշխատանքները կամփոփվեն վաղը: