ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ամփոփվեցին գիտաժողովի աշխատանքները
25.10.2013
«Ի՞նչ դեր ունի մաթեմատիկան մարդու արժեքային կողմնորոշման գործում, ի՞նչ է տալիս առարկան ոչ միայն անհատին, այլև երկրին». այս և մաթեմատիկական կրթության վերաբերյալ այլ հարցեր քննարկեցին Մաթեմատիկական կրթություն խորագրով հանրապետական գիտաժողովի մասնակիցները՝ դասախոսներ, հանրակրթական դպրոցների ուսուցիչներ, հայցորդներ և ասպիրանտներ:
Վերջիններս գիտաժողովի երկրորդ օրը հանդես եկան ներառական դասարաններում մաթեմատիկայի դասավանդմանը, առարկայի դասերի ընթացքում քննադատական մտքի ձևավորմանը, միջառարկայական և ներառարկայական հիմնահարցերին վերաբերող զեկույցներով:
Զեկույցներում առանձնահատուկ կարևորվեցին նաև մաթեմատիկական կրթության գեղագիտական բաղադրիչը, առարկայի միջոցով դպրոցականների մտածողության ձևավորումը, մաթեմատիկայի դասընթացին քննադատական մտածողության զարգացումն ու գիտության այլ առանձնահատկություններ:
Միջառարկայական կապեր՝ ինֆորմատիկա-մաթեմատիկա, շախմատ-մաթեմատիկա, խաղերի տեսության խնդիրներ, մաթեմատիկայի միջոցով աշակերտների ինտուիցիայի ձևավորում, ալգորիթմի կիրառումը լեզուներ ուսումնասիրելիս. այս և այլ թեմաների շուրջ հետաքրքրաշարժ զեկույցները նույնպես արժանացան մասնակիցների հավանությանը՝ դառնալով քննարկումների առարկա:
«Մասնակիցներն ընդլայնեցին մաթեմատիկական կրթության կազմակերպման հիմնախնդիրների շրջանակը՝ առաջարկելով խնդիրների լուծման այնպիսի տարբերակներ, որոնք հենվում են առաջին հերթին առարկայի շրջանակում աշակերտների մոտ արժեհամակարգ ձևավորելուն»,-armspu.am-ի հետ զրույցում նշեց գիտաժողովի կազմակերպիչ, Մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, «Մաթեմատիկան դպրոցում» ամսագրի գլխավոր խմբագիր Համլետ Միքայելյանը
Վերջինս ընդգծեց նաև այն իրողությունը, որ գիտաժողովին մասնակցող մարզային ուսուցիչները հիացած են բուհի մագիստրոսների, հայցորդների և ասպիրանտների՝ կրթության բովանդակության երեք բաղադրիչներից հատկապես արժեհամակարգի վերաբերյալ բացառիկ գիտելիքներ ունենալու վերաբերյալ:
Համլետ Միքայելյանը տեղեկացրեց նաև, որ գիտաժողովի մասնակիցների զեկույցները Գիտական խորհրդի հաստատումից հետո կտպագրվեն ժողովածուում:
Նշենք, որ Մաթեմատիկական կրթություն խորագրով հանրապետական գիտաժողովը նվիրված էր «Մաթեմատիկան դպրոցում» ամսագրի 15-ամյակին: