ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բուհի թանգարանը հասանելի կլինի կույրերին և թույլ տեսնողներին
28.10.2013
Բուհի թանգարանը հասանելի կլինի կույրերին և թույլ տեսնողներին
Հատուկ կրթության ֆակուլտետի հրավերով բուհի թանգարան էր այցելել «Ari-Ari» հիմնադրամի նախագահ, Լեհաստանի Տիֆլոգրաֆիայի ստուդիայի տնօրեն, տիֆլոմանկավարժ Մառեկ Յակուբովսկին:
 
Վերջինս բազմիցս հյուրընկալվել է Հատուկ կրթության ֆակուլտետում, սակայն այս անգամ Մառեկ Յակուբովսկին հրավիրվել էր բուհի թանգարան՝ քննարկելու կույրերի և թույլ տեսնողների համար թանգարանից օգտվելու պայմաններ ստեղծելու մասին հարցեր:
 
Թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանի հավաստմամբ՝ թանգարանը կույրերի և թույլ տեսնողների համար հարմարեցնելը վաղուց էր նախատեսված, սակայն նման ծրագիր մեկնարկելու համար շատ կարևոր են ոլորտի առաջատար մասնագետի խորհուրդները:
 
Մառեկ Յակուբովսկին, ծանոթանալով թանգարանի պայմաններին, բարձր գնահատեց՝ կույրերի և թույլ տեսնողների համար հարմարեցնելու թանգարանի հնարավորությունները և խոստացավ առաջիկայում անել առավել գործնական առաջարկներ:
 
Տիֆլոմանկավարժը համալսարան էր բերել նաև հատուկ տպիչ սարքեր, որոնց կիրառումը հնարավորություն կտա թանգարանի որոշակի նյութեր դարձնել կույրերի համար հասանելի:
Թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանն ու Հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Արմինե Ավագյանը կարևորում են թանգարանում նման պայմանների ստեղծումը մի քանի տեսանկյունից:
 
«Ապագա տիֆլոմանկավարժների և թանգարանագետների համար այս նախաձեռնությունը աշխատանքային գործընթացի բաղկացուցիչ մաս է. նրանցից յուրաքանչյուրն իր ոլորտում պետք է կարևորի և ստեղծի հավասար պայմաններ կույրերի և թույլ տեսնողների համար»,-նշեց թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանը և հավելեց՝ Հայաստանում քիչ են նման պայմաններ ունեցող թանգարանների նախադեպերը:
 
«Երբ զգում ես դրա անհրաժեշտությունը, անտեսել չես կարող»,-armspu.am-ի հետ զրույցում նշեց Հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Արմինե Ավագյանը՝ ևս մեկ անգամ փաստելով, որ յուրաքանչյուր մարդ, այդ թվում նաև կույրերն ու թույլ տեսնողները, ամեն ինչից հավասարապես օգտվելու, տեղեկատվություն ստանալու կարիք և իրավունք ունեն:
 
Նշենք, որ վաղը Մառեկ Յակուբովսկին դասախոսների և ուսանողների համար հանդես կգա դասախոսությամբ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: