Օրերս «Այբ» ավագ դպրոցը հյուրընկալ էր Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից ժամանած «Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի» մասնակիցներին:
.jpg)
Մրցաշարն այս տարի ընթացավ երեք փուլով`նախընտրական քառորդ եզրափակիչ, որն անցկացվեց ՀՊՄՀ-ում, կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլեր:
Մրցաշարին հետևում և գնահատում էր քիմիկոսներից կազմված հեղինակավոր ժյուրին, որի կազմում էին նաև ՀՊՄՀ քիմիայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոսներ` պրոֆեսոր Աշոտ Բաբախանյանը /ժյուրիի փոխնախագահ/ և քիմիական գիտություների թեկնածու Վարդուհի Հովսեփյանը:
Մրցաշարի աշխատանքներին մասնակցում էին նաև Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի մագիստրոսները:
Այս տարի մրցաշարում առաջին տեղը զբաղեցրեց Վաղարշապատի Մ. Գորկու անվան № 5 ավագ դպրոցի «Ալմաստ» թիմը:
.jpg)
Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկան Սվետլանա Հովակիմյանը եզրափակիչ դուրս եկած երեք թիմերին հանձնեց նվերներ՝ մասնագիտական գրքեր և Մանկավարժական Համալսարանի 90-ամյակին նվիրված ալբոմն և բուկլետ, որոնց շնորհիվ Հայաստանի տարբեր մարզերում սովորող աշակերտները կծանոթանան Համալսարանի պատմությանը:
Հիշեցնենք, որ «Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը» ինտերակտիվ խաղի` «քիմիական մարտի» սկզբունքով իրականացվող մրցույթ է, որը Հայաստանում անցկացնում է 2010 թ-ից «Այբ» հիմնադրամը՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի քիմիայի և նրա դասավանդման ամբիոնի մի շարք դասախոսների անմիջական մեթոդական աջակցությամբ և մասնակցությամբ:
Մրցաշարի նպատակն է` ներգրավել 9-12-րդ դասարանների աշակերտներին գործնական և գիտական գործունեության մեջ, նպաստել նրանց ստեղծագործական կարողությունների և գիտական քննարկումներ վարելու հմտությունների զարգացմանը, խթանել քիմիայի արտադասարանական աշխատանքներին` ձևավորելով հետաքրքրություն քիմիա առարկայի նկատմամբ: