«Նա լուսագիծ թողեց ու գնաց, սակայն նրա ստեղծագործությունները երիտասարդության և գրական հասարակայնության անբաժան ուղեկիցը կլինեն դեռ երկար ժամանակ». բանաստեղծ,

գրականագետ Լևոն Միրիջանյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթի ողջույնի խոսքում նշեց միջոցառման նախաձեռնող, Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Սուրեն Դանիելյանը:
Բանաստեղծին նվիրված հուշ-ցերեկույթին ներկա էին ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը, Սահմանադրական դատարանի մամուլի խոսնակ Հովհաննես Պապիկյանը, գրողի անունը կրող №155 դպրոցի տնօրեն Լուսինե Դանիելյանը, բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, պրոֆեսորադասախոսկան կազմն ու ուսանողներ:
«Նա մարդու ամենամեծ առաքինությունը համարում էր հայրենասեր լինելը. Լևոն Միրիջանյանն ինքն էլ մեծ հայրենասեր էր»,-նշեց Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը՝ հավաստիացնելով՝ միջոցառումը հնարավորություն կընձեռի ուսանողներին դասեր քաղել գրողի կյանքի ընթացքից, մտածողությունից և պոեզիայից:
Պրոֆեսորը, ընդգծելով հեղինակի թարգմանչական, հրատարակչական, միջնադարյան գրականությանն անդրադառնալու արգասաբեր գործունեությունը, առավել կարևորեց Լևոն Միրիջանյանի՝ Կոմիտասի բանաստեղծությունների հրատարակումը.«Հանրությունը պետք է ծանոթ լինի հանճարեղ կոմպոզիտորի նաև բանաստեղծական ժառանգությանը»:

Հեղինակային երգ, բանաստեղծություններ, անդրադարձ գրողի՝ ազնիվ մղումներով ապրած կյանքին և մաքառումներով լի ստեղծագործություններին:
Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Արմինե Մուրադյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Քնարիկ Աբրահամյանը զեկույցների ձևով անդրադարձան Լևոն Միրիջանյանի ստեղծագործություններին, իսկ ուսանողները կատարեցին նրա հեղինակային «Ով սիրուն, սիրուն» երգն ու բանաստեղծություններ տարբեր ժողովածուներից:
Գրողի մասին հուշեր պատմեցին ՀՀ Սահմանադրական դատարանի մամուլի խոսնակ Հովհաննես Պապիկյանը և Աժ պատգամավոր Գալուստ Սահակյանը:
«Մեծերը երբեք չեն վերջանում. առաքելություն ունեցող մեծերին չի կարելի քննադատել»,-ասաց Գալուստ Սահակյանը և ապագա մանկավարժներին կոչ արեց նախ արժևորել և ամբողջացնել մեծերի ավանդը, ապա նաև իրենց աշակերտների մեջ սերմանել բարեկրթություն:
Հանդիպման ավարտին Գալուստ Սահակյանը Մանկավարժական համալսարանին նվիրեց շուրջ 84 միավոր գիրք: