Նոյեմբերի 1-ին, կեսօրից armspu.am կայքէջում դուք կարող եք լսել «Առաջին համալսարանական ռադիո Ֆամա»-ն: Այն Մանկավարժական համալսարանի ռադիոն է, որը կանդրադառնա ինչպես համալսարանական խնդիրներին, այնպես էլ ընդհանրապես կրթական համակարգին եւ երիտասարդներին հուզող հարցերին:
Ինչ է նշանակում «Ֆամա»: Այն հունա-հռոմեական դիցարանում աստվածուհի է, որն «ամեն ինչ լսում է, ամեն ինչ տեսնում է»:
Առաջին համալսարանական ռադիոն բացի տեղեկատվական կարեւորագույն գործառույթից, կիրականացնի նաեւ ոչ պակաս կարեւոր գործ` հարթակ հանդիսանալով համալսարանի հեռուստառադիոլրագրության բաժնի ուսանողների` ապագա լրագրողների գործնական պատրաստվածության առումով:
Այսպիսով, ուսանողները հնարավորություն կունենան իրենց պատրաստած հաղորդումները եւ ռեպորտաժները լսել եթերում, մասնակցել դրանց պատրաստմանը, մոնտաժմանն ու թողարկմանը: Ուսանողները նոր գաղափարներով եւ ժամանակակից առաջարկներով ռադիո «Ֆամա»-յում կապահովեն բազմակարծությունը, բազմազանությունն ու խոսքի ազատությունը:
Սա ուսանողական հարթակ է: Ռադիոկայանը հիմնականում կանդրադառնա ՀՊՄՀ-ի գործունեությանը, առկա խնդիրներին ու ձեռքբերումներին:
Ռադիոհաղորդումները կմատուցվեն լրագրության գրեթե բոլոր ժանրերով` ռադիոակնարկ, ռադիոզրույց, ռադիոլուր և այլն: Հաղորդումներն իրենց բնույթով կլինեն շարունակական, որոնց մասնակիցը կլինեն համալսարանի գիտնականներն ու ուսանողները, ասպիրանտներն ու դասախոսները:
«Ռադիո Ֆաման» կունենա լրատվական թողարկումներ, ժամանցային եւ ուսանողական հաղորդումներ:Նոյեմբերի 1-ից կմեկնարկի փորձնական եթերաշրջանը:
Շնորհավոր ծնունդդ, Ռադիո «Ֆամա»: