«Շնորհակալություն, բարի լույս, սև սուրճ՝ առանց շաքարի և այլն». Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի ուսանողուհիներ Սուսաննա Հեմելեինենը և Եվա Կոսոնենը հետազոտական

պրակտիկայի շրջանակում Մանկավարժական համալսարանի ուսումնական գործընթացին ծանոթանալուց բացի, փորձում են տիրապետել հայերենին և երկրի մշակութային ժառանգությանը:
Օուլուի համալսարանի Սկզբնական կրթության ֆակուլտետի բակալավրի 2-րդ կուրսի ֆինն ուսանողներն արդեն երկու շաբաթ է՝ հանդիպումներ և դասալսումներ են ունենում ինչպես բուհում, այնպես էլ մարզային, մայրաքաղաքային դպրոցներում՝ այդ թվում նաև ներառական և հատուկ կրթական հաստատություններում:
Ուսումնասիրելով Մանկավարժականի առարկայական նկարագրերը, ուսումնական ծրագրերը և ունենալով անմիջական մասնակցություն բուհական ու դպրոցական դասապրոցեսին՝ Սուսաննա Հեմելեինենը և Եվա Կոսոնենը երկու երկրների կրթական համակարգերում նկատել են բազմաթիվ նմանություններ և տարբերություններ: Նրանք իրենց դիտարկումներն ու հետազոտության արդյունքները ներկայացրին պրակտիկայի գործընթացում ներգրավված մասնագետներին՝ միջազգային համագործակցության բաժնի պետ Քրիստինա Ծատուրյանին, ամբիոնի վարիչների Հայկունի Հարությունյանին և Աշոտ Գալստյանին, համալսարանի ուսանողներին:
Ֆինն ուսանողներն առավել շատ նկատել են նյութի մատուցման, մեթոդների տարբերություններ և զարմանքով փաստեցին՝ մայրենիի, կրոնի պատմության և այլառարկաների ծրագրերում մեծ տեղ է հատկացված մշակութային ժառանգությանը:

Սուսաննա Հեմելեինենը և Եվա Կոսոնենը հետազոտական աշխատանքի ընթացքում ծանոթացել են Մանկավարժականում իրենց պրակտիկայի ղեկավարի՝ բուհի Պրակտիկայի վարչության պետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահան Սարգսյանի տրամադրած ուղեցույցին:
Մանկավարժի մասնագիտությունն ընտրելու շարժառիթները բացահայտելու համար նրանք հարցազրույցներ են անցկացրել նաև ուսանողների հետ և պարզել, որ մեծամասնության մոտ գերիշխում է երեխաների հետ աշխատելու մեծ սերն ու ցանկությունը:
«Ուսուցիչը պետք է բազմակողմանի զարգացած լինի, իսկ նման հնարավորություն ընձեռում է համալսարանական կրթությունը»,-պրակտիկայի հաշվետվության ընթացքում ընդգծեց Սուսաննա Հեմելեինենը՝ հավելելով՝ Ֆինլանդիայում ուսուցչի մասնագիտությունը հարգված է և դժվարհասանելի:
Անդրադառնալով հայկական կրթական միջավայրի առանձնահատկություններին՝ ֆինն ապագա մանկավարժներն առաջին հերթին ընդգծեցին աշակերտ-ուսուցիչ, ուսանող-դասախոս, աշակերտ-աշակերտ հարաբերություններում փոխըմբռնումն ու մարդկային ջերմ հարաբերությունները:
Այն հարցին, թե կուզենային աշխատել Հայաստանի դպրոցներում, ֆինն պրակտիկանտների պատասխանը անկեղծ է և հաստատուն՝ մեծ սիրով:
Հիշեցնենք, որ Ֆինլանդիայի Օուլուի և Մանկավարժական համալսարանների համագործակցության շրջանակում նախատեսված է երկու բուհերի ուսանողների փոխադարձ այցելություններ և հետազոտական պրակտիկաների անցկացում, որոնց արդյունքները տեղ կգտնեն նրանց ավարտական աշխատանքներում: