Նկարիչների միությունում բացվեց ժամանակակից դեկորատիվ-կիրառական արվեստի հանրապետական ցուցահանդես, որին ակտիվ մասնակցություն ունեցան նաև ՀՊՄՀ Դիզայնի և

դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի դասախոսներն ու ուսանողները:
Հազվադեպ կազմակերպվող ցուցահանդեսին ներկայացված էին գոբելենային աշխատանքներ, բատիկներ, կավե, խեցեգործական, արծաթյա, ոսկյա և այլ իրեր, որոնք ունեն նվազագույնը երեք տարվա վաղեմություն:
Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը ժողովրդական արհեստների ակունքներին վերադառնալը իսկական հերոսություն համարեց՝ ափսոսանք հայտնելով, որ կերամիկական արվեստը սկսել է նահանջել:
Ցուցահանդեսի մասնակիցներին ողջունեցին և շնորհավորեցին նաև Նկարիչների միության դեկորատիվ-կիրառական արվեստի մասնաճյուղի նախագահ Ռոբերտ Եսայանը, արվեստաբան Հասմիկ Ղազարյանը և ՀՊՄՀ Դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի վարիչ Անուշ Եղիազարյանը:
«Դեկորատիվ-կիրառական արվեստներն ապրեցնում են ազգային մշակույթի հիմք հանդսիացող արհեստները»,-armspu.am-ի հետ զրույցում ասաց Անուշ Եղիազարյանը՝ նկատելով՝ դեկորատիվ-կիրառական արվեստը վերականգնում է իր հանդեպ եղած երբեմնի հետաքրքրությունը:

Անդրադառնալով հանրապետական ցուցահանդեսում առաջին անգամ ուսանողների մասնակցությանը՝ Անուշ Եղիազարյանը հպարտությամբ նշեց՝ ուսանողները ժյուրիին ներկայացրել էին այնպիսի բարձրարժեք ստեղծագործություններ, որոնցով կարող են մրցել նույնիսկ վաստակաշատ ստեղծագործողների հետ:
Ցուցադրությանը ներկայացված արծաթագործական և ոսկերչական իրերի մեծ մասը ներկայացրել էին Գեղարվեստական կրթության ֆակուլտետի շրջանավարտներն ու ուսանողներ, ինչպես նաեւ դասախոս Տիգրան Դավթյանը:
Նա վստահեցրեց՝ աղջիկները նույնպես այս ոլորտում բավականին հաջողակ են. մասնակցել են միջազգային բարձրակարգ ցուցահանդեսների՝ զբաղեցնելով պատվավոր հորիզոնականներ:
Ժամանակակից դեկորատիվ-կիրառական արվեստի հանրապետական ցուցահանդեսը կտևի մինչև նոյեմբերի 16-ը:

.jpg)
