Շարային վարժություններ, նախավարժանքներ, քայլք. թվում է` ավանդական ֆիզիկական դաստիարակությունից ոչ մի շեղում, սակայն` միայն առաջին հայացքից:

Տարբեր խաղաձևերի մասնիկներ, մեդիտացիա, լողի և շախմատի դասընթացներ, տղաների և աղջիկների համար նախատեսված վոլեյբոլի, բասկետբոլի, ֆուտբոլի, սեղանի թենիսի կատարելագործման խմբեր. Մանկավարժական համալսարանում արդեն երկու տարի ` ֆիզիկական կուլտուրան ու դրա բովանդակությունը դրված է նոր հարթության վրա:
Ամեն ինչ սկսվեց ամբիոնի անվանափոխությունից. Ֆիզիկական դաստիարակության ամբիոնը վերանվանվեց Շախմատի և սպորտի, իսկ դասերի կառուցվածքը` ենթարկվեց լուրջ փոփոխությունների:
Բուհի ղեկավարությունն ու ֆակուլտետների դեկաններն այսօր տեղի ունեցած բաց դասի ընթացքում ականատես եղան դասպրոցեսի, որն աչքի ընկավ սպորտային կրթության կազմկերպման նոր ձևաչափով:
Այդ մասին է փաստում նաև Մանկավարժական համալսարանի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի Դիանա Դարբինյանը:
Ռուսաստանի Դաշնությունից հայրենիք տեղափոխված Դիանան նկատում է` առարկայի հանդեպ անգամ ռուսաստանյան վարժարաններում նման մոտեցում չկա:
Ամբիոնի վարիչ Սմբատ Լպուտյանը, խոսելով սպորտայնացման մասին, նկատեց` երկրում լուրջ խնդիր է դարձել երիտասարդ սերնդի`առողջ ապրելակերպի հարցը:

Միջազգային գրոսմայստերը ֆիզկուլտուրան համարում է ամենակարևոր առարկան և նշում. «Ուրախ եմ, որ բուհի ղեկավարության հետ համատեղ տարվող աշխատանքների շնորհիվ ստեղծվել են պատշաճ պայմաններ` դասընթացն առավել հետաքրքիր դարձնելու և սպորտային միջավայր ստեղծելու համար: Պետք է փաստել նաև, որ ուսանողների սպորտային պատրաստվածությունը, ֆիզիկական դաստիարակությունն ու սպորտի նկատմամբ հետաքրքրությունը ևս մեծացել է»:
Սմբատ Լպուտյանն ուրախությամբ նշեց` արդեն հունվարից ուսանողները կունենան համալսարանի խորհրդանիշով միանման սպորտային համազգեստ, որը կնպաստի միասնականությանն ու սպորտային մշակույթի ձևավորմանը:
Բաց դասն անցկացնող դասախոս, արևելյան մարտարվեստի հիմնադիրներից Աշոտ Խաչատրյանն արդեն մեկ տարուց ավելի դասավանդում է Մանկավարժական համալսարանում: Վստահ է` ֆիզիկական դաստիարակության նոր ձևաչափը ուսանողի մոտ կձևավորի հոգու և մարմնի ներդաշնակություն, կնպաստի առողջության` ֆիզիկական և հոգեբանական բարեկեցությանը:
.jpg)

