ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Լոգոպեդների և կույրերի միջազգային օրը՝ ՀՊՄՀ-ում
13.11.2013
Ֆլեշ-մոբ, լոգոպեդական դիդակտիկ պարագաների ցուցահանդես, լոգոպեդի մասնագիտության մասին պատմող բուկլետների տարածում, աշխատաժողով. միջոցառումների այս շարքով Մանկավարժական համալսարանում նշանավորվեց լոգոպեդի միջազգային օրը:
Ցուցադրության յուրաքանչյուր այցելու ուսանողների ձեռագործ աշխատանքների, ֆլեշ-մոբի շնորհիվ ընկալում է ոչ միայն մասնագիտության էությունը, այլև կարևորությունն ու դերը հասարակության կյանքում:
Հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Արմինե Ավագյանը միջոցառումների անցկացումը կարևորեց մի քանի տեսնակյունից. ուսանողն գործնականում ծանոթանում է իր մասնագիտությանը՝ միաժամանակ վարելով ակտիվ ուսանողական կյանք:
«Ցավալի է, բայց աշխարհում գնալով մեծանում է կրթության առանձնահատուկ կարիք ունեցողների թիվը. ուրախալի է միայն այն, որ մարդկանց մոտեցումներն են է փոխվել»,-armspu.am-ի հետ զրույցում նշեց Արմինե Ավագյանը:
Միջոցառումներն ամփոփեց աշխատաժողովը. շուրջ 35 դպրոցների լոգոպեդներ, ովքեր նաև ֆակուլտետի շրջանավարտներն են, զեկույցներով ներկայացրին ներառական կրթական համակարգում լոգոպեդական գործունեության իրենց վերջին ձեռքբերումները:
Ի դեպ, նախորդ օրը նշվող կույրերի համաշխարհային օրվա շրջանակում նույնպես ֆակուլտետում կազմակերպվել էր միջոցառում:
Տիֆլոմանկավարժության բաժնի 2-րդ կուրսի ուսանողների ներկայացրած ֆլեշ-մոբի նպատակն էր հասարակությանը ևս մեկ անգամ հիշեցնել՝ չտեսնողները նույնպես հասարակության լիիրավ անդամ են. նրանց ոչ միայն օգնել է պետք, այլև ներառել հասարակության մեջ:
Միջոցառմանը մասնակցում էին նաև «Ֆորտե» հասարակական կազմակերպության հաշմանդամներ՝ կույրեր և թույլ տեսնողներ:
Ի դեպ, Հատուկ կրթության ֆակուլտետի նախաձեռնությամբ Մանկավարժական համալսարանը հետզհետե հարմարեցվում է կույրերի և թույլ տեսնողների համար. բուհի բարձրահարկ մասնաշենքի վերելակում այսօր տեղադրվել են հատուկ սարքեր, որոնք կհեշտացնեն նման խնդիր ունեցողների տեղաշարժումը: