Հայկական պետական մանկավարժական համալսարանի 2011-2012 ուսումնական տարվա Հատուկ կրթության և Սկզբնական կրթության ֆակուլտետների 7 մասնագիտությունների գծով 47

մագիստրոսներ այսօր ստացան ավարտական դիպլոմներ. 47 շրջանավարտներից 25-ը` գերազանցության կարմիր դիպլոմ:
Շրջանավարտներին ողջունեց և շնորհավորեց Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը: «Համալսարանը ներկայումս հնարավորություն է տալիս տարբեր մասնագիտություններ ունեցող մագիստրոսներին աշխատել համալսարանում. այս գործելաոճն ունի շարունակական բնույթ:
Այսօր համալսարանը կանգնած է կարևորագույն փոփոխությունների ճանապարհին, որոնց արդյունքները շատ շուտով ակնառու կլինեն նաև գործնականում»,-միջոցառման մասնակիցներին տեղեկացրեց Ռուբեն Միրզախանյանը:
Մագիստրոսական քննությունների հանձնաժողովի նախագահ, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի կինեզոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ստեփան Գրիգորյանը տպավորված է ուսանողների ավարտական աշխատանքներով:
Բարձր արդյունքները նա պայմանավորում է պրոֆեսորադասախոսական կազմի արդյունավետ աշխատանքով և ուսանողների բարձր պատրաստվածությամբ. «Դիպլոմների գույների տարբերությունը շատ քիչ է, քանի որ յուրաքանչյուրում անքուն գիշերներ և լարված աշխատանք են ամփոփված»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:
