«Արամ Խաչատրյան» համերգասրահում մեծ շուքով տեղի ունեցավ Հայկական պետական մանկավարժական համալսարանի «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությունը։
.jpg)
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հայր Վարդան վարդապետ Նավասարդյանը շնորհավորեց լավագույններին և մեծ պատասխանատվություն համարեց օրինակելի, լավ ուսանող լինելու պարտականությունը. «Դուք Խաչատուր Աբովյանի լուսավորչության շարունակողներն եք, նրա լույսի կրողներն ու տարածողները:
Իմացականության լույսը պետք է թափանցի ձեր հոգու մեջ, գիտելիքն ու կրթությունը, որը ստանում եք կրթական հարուստ ավանդույթներ ունեցող այս հաստատությունում, պետք է պատասխանատվությամբ կրեք ձեր ուսերին` դառնալով լավագույներից լավագույնը` մեր ազգի նորոգության, պայծառության և բարգավաճման մեծ առաքելության մեջ»:
Մանկավարժական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը նշեց, որ «Լավագույն ուսանող»-ի ընտրությունը տեղի է ունենում ըստ հաստատված կանոնակարգի, և հիմք են ընդունվում մի շարք չափանիշներ՝ առաջադիմություն, հասարակական ակտիվություն և այլն։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը Ֆակուլտետային 10 լավագույն ուսանողներին պարգևատրեց նոութբուքերով:
.jpg)
Կարեն Ավագյանը, կարևորելով մրցանակաբաշխությունը, նշեց. «Դրանց նպատակն է ուսանողներին ցույց տալ, որ գիտելիքը, բարձր առաջադիմությունը խրախուսվում է։ Ուսանողը պետք է համոզված լինի, որ ինքն իր ուժերով կարող է հասնել նվաճումների, և նրա գիտելիքը կարող է գնահատվել տարբեր բնագավառներում: Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ամեն ինչ անում է, որպեսզի նման ծրագրերն առավել հաճախակի լինեն»:
Կարեն Ավագյանը նկատեց` գերազանց առաջադիմությամբ և ակտիվությամբ հատկապես առանձնանում են աղջիկները, ընդ որում, Մանկավարժական համալսարանի 10 ֆակուլտետներում էլ լավագույնի կոչմանն այս տարի ներկայացված էին հենց իգական սեռի ներկայացուցիչները:
10 ֆակուլտետային լավագույն ուսանողներից բուհի «Լավագույն ուսանող»-ի կոչմանն այս տարի արժանացավ Հատուկ կրթության ֆակուլտետի ուսանողուհի Ասյա Հակոբյանը, ով իր ամառային 8-օրյա հանգիստը կանցկացնի Իտալիայում:
«Լավագույնը ճանաչվելու համար ոչ մի գաղտնիք գոյություն չունի, պարզապես պետք է լավ սովորել ու հավատալ սեփական ուժերին: Սա ևս մեկ հաջողություն էր, արված մեկ քայլ` իմ նվիրական երազանքներին ու նպատակներին հասնելու ճանապարհին: Ես հաղթահարեցի ևս մեկ աստիճան »,- armspu.am-ի հետ զրույցում նշեց «Լավագույն ուսանող» ճանաչված Ասյա Հակոբյանը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի կազմակերպած միջոցառումը շարունակվեց տոնական համերգով, որի ընթացքում Էմմա Պետրոսյանը, Անուշիկ Ալավերդյանը, Վարդան Բադալյանը, Սոնա Շահգելյդյանը, Գոռ Սուջյանը, Սևակ Ամրոյանը, Մոնիկա Մանուչարովան, Միհրան Ծառուկյանը, Սոնա Ռուբենյանը ներկայացրին սիրված և հայտնի երգեր: