ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կայացավ ուսանողական ֆիլմերի առաջին ստուգատեսը
15.11.2013
«Ես…», «Վերջին ռեպորտաժ», «Շումերները» ֆիլմերի հեղինակ-ռեժիսորներ Կարինե Վարդանյանը, Քրիստինե Մարգարյանն ու Կարեն Սանամյանը Կուլտուրայի ֆակուլտետի Հեռուստառեժիսուրա բաժնի տարբեր կուրսերի ուսանողներ են, որ այսօր կայացած «Կադր» ուսանողական ֆիլմերի ստուգատեսին զբաղեցրին պատվավոր երեք տեղերը:
Ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը հեղինակային, գիտահանրամատչելի, խաղարկային ժանրերի 50 ֆիլմերից ստուգատեսի էր ներկայացրել 15-ը, որոնց և հեղինակները, և ռեժիսորները բակալավրիատի 1-4-րդ և մագիստրատուրայի ուսանողներն են:
Ներկաներին ողջունեցին Կուլտուրայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Գևորգ Թադևոսյանը, Ռեժիսուրայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Էլբակյանը, ամբիոնի դասախոս, պրոֆեսոր Սուրեն Հասմիկյանը:
«Յուրաքանչյուրն այս կյանքում ունի աշխարհի հանդեպ իր տեսիլքը: Ապրում ենք պարփակված կյանքով՝ չնկատելով, թե ինչ են զգում, ինչպես են ստեղծագործում ժամանակակիցները. ստուգատեսի կազմակերպմամբ կատարվեց միմյանց ստեղծագործությունները, աշխարհայացքը ճանաչելու կարևորագույն քայլ»,-ողջույնի իր խոսքում նշեց Արմեն Էլբակյանը և ավելացրեց՝ ներկայացված բոլոր ֆիլմերն էլ լավն են:
Արմեն Էլբակյանը նկատեց՝ բոլոր ֆիլմերում էլ թերություններ կան. դրանց մեծ մասը պայմանավորված էր ոչ միայն նկարահանման հնարավորությունների բացակայությամբ, այլև թեմաների ընտրությամբ:
Ստուգատեսի անցկացումը կարևորեց նաև պրոֆեսոր Սուրեն Հասմիկյանը՝ նկատելով. «Ապրում ենք այն ժամանակներում, երբ թվում է՝ ոչ մեկին ոչինչ պետք չէ: Յուրաքանչյուր տարի Հայաստանում նկարահանվում է շուրջ 200 ֆիլմ, սակայն երբեմն ընկերն ընկերոջ ֆիլմը չի դիտում, իսկ կինոն չի կարող գոյություն ունենալ առանց հանդիսատեսի. հարվածի տակ է դրված ամեն ինչ»:
Սուրեն Հասմիկյանը կոչ արեց լրջորեն և մեծագույն ուշադրությամբ վերաբերվել ուսանողական տարիներին ստեղծած ֆիլմերին՝ հիշեցնելով այն մեծանուն ռեժիսորներին, որոնք իրենց առաջին ֆիլմերով զարմացրել և հիացրել են կինոդիտողների տարբեր սերունդների:
Կինոդիտմանը հաջորդեց ներկայացված ֆիլմերի քննարկում, որից հետո տեղի ունեցավ մրցանակաբաշխություն:
Ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Գևորգ Թադևսոյանի, Ռեժիսուրայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Էլբակյանի և ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի որոշմամբ՝ 15 ֆիլմերի հեղինակներն արժանացան շնորահակալագրերի, իսկ լավագույն երեքը՝ Կարինե Վարդանյանը, Քրիստինե Մարգարյանն ու Կարեն Սանամյանը՝ նաև դրամական պարգևի: