ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Քաղաքագիտական լսումներ Մանկավարժականում
18.11.2013
Մանկավարժական համալսարանում քաղաքագիտական լսումների շարք է սկսվել. այսուհետ հանրապետության լավագույն մասնագետները ուսանողներին կներկայացնեն քաղաքագիտությունը տարբեր տեսանկյուններից:
Այդ շրջանակներում օրերս Պատմության և իրավագիտության ֆակուլտետի, Քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի և Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ բուհում էր փիլիսոփայական գիտությունների դոկտոր Կառլեն Միրումյանը:
Վերջինս հույս հայտնեց, որ նման ձեռնարկների շնորհիվ կձևավորվի ժամանակի քաղաքական զարգացումներին տեղյակ ուսանողություն, որը կազդի քաղաքական գործընթացների վրա և կնպաստի առկա պրոբլեմների լուծմանը:
Հանդիպման ընթացքում Կառլեն Միրումյանն անդրադարձավ քաղաքագիտության գիտական կողմերին, ստրատեգիական ուղղություններին, ինչպես նաև վերլուծեց քաղաքական պատմությունը մասնավորապես Հայաստանում:
Խոսելով հայ քաղաքական մտքի ձևավորման, դրա զարգացումների մասին` Կառլեն Միրումյանը նկատեց` այն չպետք է առանձնացնել համաշխարհային քաղաքական մտքից և պետք է դիտարկել որպես դրա անբաժան մաս:
Կառլեն Միրումյանը, ընդգծեց, որ մեր երկրում քաղաքագետի ինստիտուտը դեռևս կայացման փուլում է, իսկ հիմնական խոչընդոտը` երկրի ներկայիս կրթական համակարգը:
Հանդիպման ընթացքում ծավալվեց ակտիվ երկխոսություն, որի ընթացքում ուսանողներն իրենց հուզող հարցերն ուղղեցին քաղաքագետին:
Վերջինս Քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնին նվիրեց իր հեղինակային գրքերից:
Քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Լևոն Շիրնինյանը, ամփոփելով հանդիպմումը, նշեց.«Արևմուտքի համալսարաններում քաղաքագիտական լսումներ անցկացնելն ավանդույթ է.մենք փորձեցինք հանրապետությունում լինել առաջինն ու այդ մշակույթի սկիզբը դնել հենց մանկավարժական բուհում: Ի վերջո, էլիտար գիտությունից բացի, մեզ պետք են նաև էլիտար ուսանողներ, իսկ քաղաքագիտական լսումներն այդ առումով չափազանց կարևոր են»: