ՀՀ ԳԱԱ նախաձեռնությամբ Երևանում անցկացվեց «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները» թեմայով հայագիտական միջազգային երկրորդ համաժողովը, որին մասնակցում էր նաև ՀՊՄՀ Հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Լալիկ Խաչատրյանը:
«Ճանաչողական լեզվաբանության հարցեր» թեմայով զեկույցում պրոֆեսորն անդրադարձավ լեզվաբանության նորագույն ուղղություններից մեկին՝ ճանաչողական լեզվաբանությանը՝ նորովի մեկնաբանելով քերականական իմաստների ընդհանրական խմբեր կամ քերականական կարգեր ձևավորող առաջնահերթություններից կոնցեպտի գաղափարը:
Ի դեպ, Լալիկ Խաչատրյանը վերջերս մասնակցել է նաև Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանում անցկացվող ընդհանուր և պատմահամեմատական լեզվաբանության ամբիոնի հիմնադրման 150-ամյակին նվիրված միջազգային լեզվաբանական և Գյումրիում կազմակերպված «Պատմամշակութային ժառանգություն և արդիականություն» խորագրով միջազգային գիտաժողովներին:
Լեզվաբանը գիտաժողովներում անդրադարձել է հին հայերենի շրջանակներում (5-12-րդ դարեր) խոսքիմասային տեղաշարժերի հարցերին և լեզվաբանության դիրքերից բնութագրել քաղաքական խոսույթը: