ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ թանգարանը նշեց հիմնադրման հոբելյանը
18.11.2013
ՀՊՄՀ թանգարանը նշեց հիմնադրման  հոբելյանը
Մանկավարժական համալսարանի թանգարանը մեկ տարեկան է. հիմնադրման մեկամյա գործունեության առթիվ բուհը հյուրընկալել էր թանգարանի այն բարեկամներին, որոնք մեծ
 ներդրումն են ունեցել թանգարանի հավաքածուն արժեքավոր նյութերով համալրելու գործում:
 
Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը բուհի ռեկտորի անունից շնորհակալագրեր հանձնեց Ցոլակ Սիմոնյանին, Կարեն Շավարշյանին, Միսաք Մելքոնյանին, Ջուլիետա Ղարիբյանին, Հեղինե Մելիք-Վրդանեսյանին, Իսկուհի Լափայանին, Մարի Մարգարյանին, Արմինե Սարգսյանին, Դավիթ Հովհաննիսյանին:
 
Պրոռեկտորն ուրախությամբ նկատեց` բուհի թանգարանը ստեղծման օրից եղել է գիտահետազոտական, գիտաուսումնական, գիտամեթոդական կենտրոն, որը պարբերաբար թարմացրել և արդիականացրել է թանգարանային ֆոնդը:
 
Թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանը հյուրերին ներկայացրեց և ամփոփեց տարվա ընթաքում կատարած աշխատանքները, ունեցած ձեռքբերումները, ապա ծանոթացրեց թարմացված նյութերին:
 
Տնօրենն ուրախությամբ նշեց`բուհի թանգարանում այսուհետ իր պատվավոր տեղը կունենա նաև Մանկավարժական ինստիտուտի առաջին ռեկտոր, մանկավարժ, պրոֆեսոր Արշավիր Շավարշյանը. վերջինիս կիսանդրին օրերս բուհին է նվիրել Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դասախոս Միսաք Մելքոնյանը, որը հեղինակել եւ համալսարանին է նվիրել նաեւ Հրաչյա Աճառյանի եւ Մանուկ Աբեղյանի կիսանդրիները, ինչպես նաեւ նրա ղեկավարությամբ ուսանողի կատարած դիպլոմային աշխատանքը՝ Մանկավարժական համալսարանի անվանի շրջանավարտ, ազգային հերոս Մովսես Գորգիսյանի դիմաքանդակը:
 
Հյուրերն իրենց շնորհակալական խոսքն ուղղեցին թանգարանին և խոստացան` նյութերի հետագա համալրման գործում ևս ակտիվ մասնակցություն ունենալ:
Թանգարանի հիմնադրմանը նվիրված միջոցառումը շարունակվեց առաջին ռեկտոր Արշվիր Շավարշյանին և Մանկավարժության ամբիոնի առաջին դեկան Գուրգեն Էդիլյանին նվիրված դասախոսությամբ:
 
Մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում բուհի ուսանողները ներկայացրին մանկավարժության երկու նվիրյալների կենսագրական տվյալները, կյանքն ու մասնագիտական գործունեությունը:
 
Հիշեցնենք, որ բուհի պատմության ժամանակագրությունը` հիմնադրումից մինչև մեր օրերը ներկայացնող Մանկավարժական համալսարանի եռաչափ լուծումներով թանգարանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ անցած տարի` նոյեմբերի 19-ին` բուհի հիմնադրման 90-ամյակին ընդառաջ: