«Քաղաքականության մեջ շարժիչ ուժը պետական շահն է. ցանկացած որոշում ընդունելուց առաջ հաշվի է առնվում դրա ռիսկերն ու հետևանքները՝ առանցքում դնելով Արցախի

անվտանգությունը»,- այսօր մանկավարժական համալսարանի Բանասիրական ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա ընդգծեց, որ պետական հարաբերություններում Հայաստանի Հանրապետության ռազմավարական միակ դաշնակիցը Ռուսաստանն է, իսկ եվրոպական երկրները՝ բարեկամ-գործընկերներ են:
«Եվրամերձեցումն ու Եվրամիությանն անդամակցելը պետք չէ նույնացնել. Եվրոպան պարզապես քաղաքակրթական բաղկացուցիչ է, իսկ Հայաստանի հետ նրա հարաբերությունները՝ քաղաքակրթական բարեփոխումներ: Եվրամիության և մեր ներկայացուցիչների համատեղ աշխատանքները չեն ընթացել ի հաշիվ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման. դրանք միմյանց փոխլրացնող գործընթացներ են»:
Անդրադառնալով երեկ Վիեննայում կայացած Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպմանը՝ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ հասարակությունը նրանց հանդիպումներից չպետք է շրջադարձային ակնկալիքներ ունենա . առաջընթաց է նաև այն, որ բանակցությունները շարունակվում են:
«ԼՂՀ հակամարտության վերաբերյալ կա մի գիծ, որը հնարավոր չէ փոխել. դա Արցախի կարգավիճակն է՝ վաստակած անկախություն»,-վստահեցրեց ԱԺ փոխնախագահը՝ կոչ անելով ուսանողներին կիրառել սոցիալական ցանցերի բոլոր հնարավորությունները և ամբողջ աշխարհով մեկ տարածել մեր երկրի պատմությունը, մշակութային ժառանգությունը, Արցախյան հաղթանակները՝ դրանք համարելով իրական զենքեր:
Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաև հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլին՝ վստահեցնելով՝ որքան Թուրքիան շարունակի մերժողական քաղաքականությունը, այնքան կհեռանա ժաղավրդավարական արժեքներից. 1915 թվականի Ցեղասպանությունն ամրագրված է միջազգային կարևորագույն փաստաթղթերում:
Բանասիրական ֆակուլտետի դեկան Յուրի Դավթյանը շնորհակալություն հայտնեց ֆակուլտետի բարեկամ Էդուարդ Շարմազանովին՝ ապագա ուսուցիչներին ներկայիս արտաքին քաղաքականության վիճակի, դրա հանդեպ մեր երկրի դիրքորոշման ու քաղաքական մարտահրավերների մասին տեղեկացնելու համար՝ նշելով, որ ավանդույթ դարձած հանդիպումները սպասված են և խիստ կարևոր: