Օրերս Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի զինվորական մանկավարժություն և հոգեբանություն բաժնի մագիստրոսները գիտության և հետբուհական կրթության գծով
.jpg)
դեկանի տեղակալ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հակոբ Թադևոսյանի և Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու Վոլոդյա Գասպարյանի ուղեկցությամբ այցելել էին Արարատի Վազգեն Սարգսյանի անվան զորամաս:
«Զինվորական մանկավարժություն» և «Ռազմահոգեբանական հետազոտությունների մեթոդաբանական հարցեր» դասընթացների ծրագրային բովանդակությանը համապատասխան կազմակերպված այցի նպատական էր ուսուցման գործընթացում զուգակցել տեսական, գործնական և հետազոտական բաղադրիչները:
Հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Արթուր Թումանյանն ուսանողներին ներկայացրեց զորամասի առջև դրված խնդիրները, իրավիճակը հակառակորդի հետ շփման գծում, զորամասի կարևոր դերակատարումը հնարավոր պատերազմական գործողությունների ժամանակ, զրամասում ռազմական հոգեբանի աշխատանքի ուղղությունները: Փոխգնդապետը հանգամանորեն ծանոթացրեց նաև մարտական ծառայություն իրականացնող իրենց զորամասի առօրյային, մարտական խնդիրներին, զինծառայողների կենցաղի և ծառայության պայմաններին, ուսումնադաստիարակչական գործընթացի մեթոդներին, առանձնահատկություններին:
Ուսանողները շրջեցին զորանոցներում, շփվեցին զինվորների հետ` զրուցելով ծառայության հետ կապված ամենատարբեր թեմաների շուրջ:
.jpg)
Ապագա զինվորական-մանկավարժներն այցելեցին նաև զորամասի հրաձգարան, որտեղ նրանց հետ անցկացվեց կրակային պատրաստության պարապմունք. տանկային ստորաբաժանման հրամանատարն էլ ուսանողներին մանրամասնորեն ներկայացրեց տանկերի տեխնիկական հնարավորությունները, կառուցվածքը:
Երկու ստորաբաժանումներում մագիստրատուրայի ուսանողները թեստի միջոցով ուսումնասիրեցին 70 ժամկետային զինծառայողների իրադրային և ընդհանուր տագնապայնության մակարդակները: Դասախոս Հակոբ Թադևոսյանն ուսանողներին ծանոթացրեց հետազոտության իրականացման առանձնահատկություններին, հրահանգավորմանը, նյութի ներկայացման հնարներին: Ամբողջությամբ իրականացվեց նաև համալսարանում դասապրոցեսի ժամանակ նախապես մոդելավորված հետազոտության ընթացքում հնարավոր զարգացումները, ընթացքն ու հետազոտողների հետագա քայլերը: Ի դեպ, մագիստրատուրայի ուսանողների իրականացրած հետազոտության արդյունքներն առաջիկայում կտպագրվեն հոդվածի տեսքով:
.jpg)
Զորամաս այցելության ճանապարհին ուսանողներն այցելեցին նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, որտեղ ծանոթացան Սպարապետի կյանքի և գործունեության առանձին դրվագներին:
«Զինվորական մանկավարժ-հոգեբանների պատրաստման գործընթացում շատ կարևոր է նաև հուզական բաղադրիչը. այն ենթադրում է դրական վերաբերմունք, տրամադրվածություն զինվորական ծառայության, իրենց մասնագիտական գործունեության նկատմամբ»,-armspu.am-ի հետ զրույցում նշեց մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հակոբ Թադևոսյանը:
Ուսանողները զորամասին հանձնեցի հայկական բանակի գնդապետի ուսադիրի տեսքով ժամացույց-հուշանվեր: