ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Համաշխարհային կոթողները՝ ապագա մանկավարժների ուշադրության կենտրոնում
23.03.2012
Աշխարհագրության բաժնի 4-րդ կուրսի 15 ուսանողներ տարբեր երկրների մշակութային հիմնախնդիրները ներկայացնելու համար բեմադրել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ նստաշրջանը:
14 պետություններից 7-ի «մշակույթի նախարարները» նստաշրջանի ընթացքում շարժանկարների միջոցով ներկայացրեցին տվյալ երկրի մշակութային կոթողները, որոնք վտանգված են:
Չինաստանի ներկայացուցիչը խոսեց «Չինական պատ»-ի, Հնդկաստանինը՝ «Թաջ Մահալ»-ի, Իրանինը՝ «Ակրոպոլիս»-ի, Եգիպտոսինը՝ «Եգիպտական բուրգեր»-ի, իսկ Հայաստանինը՝ Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական խաչքարերի վտանգված լինելու մասին:
Դիմելով ներկաներին՝ նրանք ակնկալում էին մշակութային կոթողների պահպանմանն ուղղված առաջարկություններ:
Միջոցառմանը յուրօրինակ շուք էին հաղորդում տարբեր երկրների ազգային պարերը:
Բաց դաս-միջոցառմանը ներկա էին համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը և Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի ուսանողները, հյուրեր:
Շնորհակալություն հայտնելով ուսանողներին և կազմակերպչին՝ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկան,քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտՍվետլանա Հովակիմյանն ասաց. «Ցանկալի է իմանալ տարբեր երկրների մշակութային արժեքները, բայց առավել կարևոր է դրանց պահպանմանն ու վերականգնմանն ուղղված ձեր քայլերը: Այս միջոցառումը յուրաքանչյուրիս համար ունի ճանաչողական և դաստիարակչական բնույթ»:
Միջոցառման կազմակերպիչ Մարինե Մաթոսյանը հստակեցրեց, որ ներկայացված երկրների համար ընտրվել էին այն մշակութային արժեքներն ու կոթողները, որոնք այսօր իսկապես վտանգված են և հայտնի են ամբողջ աշխարհին:
«Ուսանողներն իրենք են որոնել և մշակել այդ երկրներին բնորոշ մշակութային հիմնախնդիրները՝ միաժամանակ ծանոթանալով այդ պետությունների պատմությանը, մշակույթին, սոցիալ-տնտեսական մակարդակին»,- ասաց Մարինե Մաթոսյանը:
Վերջինս նաև տեղեկացրեց, որ այս բաց դաս-միջոցառումը լինելու է շարունակական. հաջորդ անգամ իրենց մշակութային կոթողներին սպառնացող խնդիրները կներկայացնեն գիտաժողովին մասնակից մյուս 7 երկրները: