Հայաստանի Հանրապետության ներկայիս կենսաթոշակային համակարգը, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը, պարտադիր կուտակային համակարգի էությունն ու թեմայի

հետ կապված այլ խնդիրներ ՀՊՄՀ պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին ներկայացրեց բուհի Տնտեսագիտության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի տնտեսագիտության թեկնածու, դոցենտի պաշտոնակատար Կառլեն Խաչատրյանը:
«Կենսաթոշակի կուտակային համակարգը և նրա առանձնահատկությունները» թեմայով դասախոսության ընթացքում տնտեսագետը մանրամասնեց նոր օրենքի անհրաժեշտությունը, մատնանշեց լուծման տարբերակներն ու բարեփոխման հետևանքով ակնկալվող արդյունքները:
Երկրում գնալով սրվում են ժողովրդագրական խնդիրները, աշխատողներն այլևս շահագրգռված չեն կենսաթոշակային վճարումներ կատարել, գործատուները նույնպես խուսափում են պարտադիր սոցվճարումներ կատարելուց.ըստ Կառլեն Խաչատրյանի` բարեփոխումների անհրաժեշտությունը նախևառաջ պայմանավորված է հենց այս գործոններով:

Տնտեսագիտության թեկնածուն դասախոսության ընթացքում մատնանշեց խնդրի լուծման հիմնական ելակետերը. սերունդների համերաշխության սկզբունքով ֆինանսավորվող կենսաթոշակային բաշխողական համակարգից անցումը «ինքնաֆինանսավորվող» կուտակային համակարգի, քաղաքական որոշումներով սահմանվող կենսաթոշակի մոդելից անցում դեպի իրական եկամուտների վրա հիմնված սահմանվող վճարների մոդելի և պետության կողմից անմիջապես կառավարվող կենսաթոշակային համակարգից անցում դեպի պետության կողմից կարգավորվող և վերահսկվող մասնավոր կենսաթոշակային համակարգի:
Կառլեն Խաչատրյանը, խոսելով կուտակային համակարգի առավելությունների մասին, մատնանշեց նաև բարեփոխումների արդյունքում հնարավոր ռիսկերը: Անդրադառնալով մարդկային գործոնի ռիսկին` տնտեսագետը նկատեց` հաշիվների և կուտակված գումարի վերաբերյալ տեղեկատվություն հնավոր է իմանալ միայն համացանցի կամ բանկոմատների միջոցով, այնինչ այդ մեխանիզմները շատերի համար անհասանելի են:
Տնտեսագետը նկատեց` հաշվի առնելով բնակչության սոցիալ-տնտեսական ներկայիս վիճակն ու 2014 թվականի հունվարի 1-ից

բնակչության մի ստվար զանգվածի իրական եկամուտների նվազումը` հնարավոր չի լինի խուսափել նաև տնտեսական ռիսկից:
Խոսելով շուկայական ռիսկի մասին` Կառլեն Խաչատրյանը մատնանշեց երկրի ստվերային տնտեսությունը, արժեթղթերի շուկայի թերզարգացվածությունն ու համապատասխան ենթակառուցվածքների բացակայությունը: Օրենքը պարունակում է նաև քաղաքական ռիսկեր. հասարակության անվստահությունը հիմնականում պայմանավորված է հենց քաղաքական զարգացումներով. տարիներ անց գուցե իշխանական համակարգը փոխվի, գան նորերն ու նախորդների արածները սխալ համարեն:
Հանդիպման ընթացքում ծավալվեց ակտիվ հարց ու պատասխան.ներկաների մեծամասնությունն իր դժգոհությունն արտահայտեց պարտադիր կուտակային բաղադրիչից`ընդգծելով նաև օրենքի ռիսկայնությունն ու իրենց եկամտի կրճատումը:
Տնտեսագիտության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Մաքսիմ Սարգսյանը խոստացավ նման հանդիպումներն ավանդույթ դարձնել` նշելով, որ հանդիպման հաջորդ թեման լինելու է ապահովագրությունը:
