ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Քննարկվեցին մանկավարժական գիտության ժամանակակից հիմնախնդիրները
22.11.2013
Այսօր Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի նախաձեռնությամբ Մանկավարժական համալսարանում մեկնարկեց «Մանկավարժական գիտության զարգացման ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով կլոր սեղանների շարք:
Քննարկմանը ներկա էին մանկավարժության և հոգեբանության ոլորտի առաջատար մասնագետներ, գիտությունների թեկնածուներ, դոկտոր-պրոֆեսորներ, դասախոսներ, դպրոցի տնօրեններ, դասվարներ:
Կլոր սեղանի աշխատանքները մեկնարկեց Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Աիդա Թոփուզյանի զեկույցով,որում պրոֆեսորն անդրադարձավ մանկավարժության և հասարակության առջև ծառացած մի քանի հարցերի:
Աիդա Թոփուզյանը ցավով նկատեց` մեր օրերում դաստիարակությունը մղվել է երկրորդ պլան.նույնիսկ ատենախոսություններում այն չի օգտագործվում որպես մանկավարժության բաղադրիչ, այնինչ պետք է որոշել, թե որն է լինելու հայկական դաստիարակության իդեալը և ում համար է այն նախատեսված:
Անդրադառնալով երկրորդ հիմնախնդրին` մանկությանը, պրոֆեսորը նկատեց` գլոբալ առումով փոխվել է երեխաների և մանկության նկատմամբ վերաբերմունքը. ուստի մանկավարժական գիտությունը պետք է նոր ուղիներ գտնի երեխաներին ավելի լավ ճանաչելու, հասկանալու և աջակցելու համար:
Աիդա Թոփուզյանն իր զեկույցում անդրադարձավ նաև ուսուցչի հիմնախնդրին` նշելով. «Այսօր հրատապ է ուսուցչի և աշխատանքի համատեղելիության հիմնախնդիրը. ոչ մի հասարակությունում ուսուցչի ավելցուկ չի եղել. այնչինչ ներկայումս իսկական ուսուցչի սով է»:
Կլոր սեղանին ներկա ՀՀ Կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանն իր ելույթում վերլուծեց մանկավարժության ոլորտի վերաբերյալ Ռուսաստանի կրթության ակադեմիայի փոխնախագահ, մանկավարժ-հոգեբան Դավիթ Ֆելդշտեյնի տեսակետները: Փոխնախարարը համաձայնեց ակադեմիկոսի հետ` դասարանային համակարգը վաղուց արդեն սպառել է իրեն. կրթության կազմակերպման գործում անհրաժեշտ է մշակել նոր մեթոդներ` հաշվի առնելով նաև ՏՏ ոլորտն ու դրա ներդրումը դպրոցներում:
Պրոֆեսոր Բելլա Եսաջանյանը, խոսելով մանկավարժության հիմնախնդիրների մասին, ցավով նկատեց`մերօրյա ուսուցիչը մոռանում է, որ պետք է սովորեցնելով սովորել և անընդհատ կատարելագործել սեփական գիտելիքները, էթիկան և մոտեցումները:
Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր Ռոբերտ Ազարյանը համակարծիք է` նոր հետազոտությունները, մեթոդների մշակումը անհրաժեշտություն են:
Կլոր սեղանի ընթացքում մանկավարժության առջև ծառացած լրջագույն խնդիրներին անդրադարձավ նաև մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ջուլիետա Գյուլամիրյանը: Վերջինս նկատեց` սերունդների միջև պատմականորեն գոյություն ունեցող կռիվն իր գագաթնակետին է հասել.ուսուցիչը դարձել է անպաշտպան և անօգնական, փոխվել է նաև ընտանիքի մոդելը և այդ առումով դաստիարակության համակարգում անհրաժեշտ է կատարել լուրջ փոփոխություններ:
ՀՊՄՀ Հենակետային (ավագ դպրոց) վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանը վերլուծեց իր ախատանքային գործունեության ընթացքում ձեռք բերած փորձը, ապա լուրջ խնդիր համարեց այն, որ մանկավարժագիտության մեջ արված գիտափորձերը չեն մտնում դպրոց և դրանք անհասանելի են ուսուցչին:
Կլոր սեղանի ընթացքում ելույթ ունեցան նաև Երևանի N 124 դպրոցի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը, Սկզբնական կրթության ֆակուլտետեի գիտության գծով դեկանի տեղակալ Լուսինե Պողոսյանն ու Տարիքային և մանկավարժական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կարապետյանը:
Ամփոփելով քննարկումը` ներկաները անհրաժեշտ համարեցին հետևողական լինել աճող մարդու, նրա ամբողջական ուսումնասիրման և ձևավորման գործընթացին`զարգացնելով և արդիականացնելով մանկավարժական գիտությունը: