ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Հաշմանդամների վարքից է կախված հասարակության վերաբերմունքը»
28.11.2013
«Ես խոսել շատ եմ սիրում՝ հատկապես մեր խնդիրների մասին, սակայն մեզ հիշում են միայն կույրերի և հաշմանդամների միջազգային օրերին»,-Մանկավարժական համալսարանում Տեմպուսի ASPIRE ծրագրի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում ասաց Ազգային առաջնորդության ինստիտուտի համակարգող, հաշմանդամ Սիփան Ասատրյանը՝ անդրադառնալով կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցողների խնդիրներին:
Սիփան Ասատրյանը հանդիպման ընթացքում անդրադարձավ իր մանկությանը, Ճամբարակից Երևան գալու դրդապաճառներին, որի առանցքում եղել է տղայի կրթություն ստանալը:
Միջնակարգ, ապա նաև բարձրագույն կրթություն ստանալու դժվարին ճանապարհ, որի ընթացքում Սիփանն ու նրա ընտանիքը հաղթահարել են բազում դժվարություններ՝ խղճահարություն, հոգեբանական ճնշումներ, տեղաշարժվելու, կրթության համար անհրաժեշտ պայմանների բացակայություն:

Չնայած դժվարություններին՝ Սիփան Ասատրյանը նշում է՝ պետք չէ հաշմանդամներին վերաբերվել որպես թույլ խավ, ապա ավելացնում՝ մեծապես հաշմանդամների վարքից է կախված հասարակության վերաբերմունքը:
«Հասարակությունը տեղեկացված չէ հաշմանդամների խնդիրների մասին, որի հետևանքով էլ դժվար է ինտեգրվելհասարակությանը»,-նշեց Սիփան Ասատրյանը՝ ոգևորությամբ հավելելով՝ ի տարբերություն մեծահասակների, երիտասարդներն առավել բանիմաց են, աջակցող ու համբերատար իրենց կողքին գտնվող հաշմանդամների նկատմամբ:
Տեմպուսի ASPIRE ծրագրի շրջանակում վերապատրաստվող մասնակիցները Սիփանին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը՝ մասնագիտական գործունեության և կրթությունն

արտասահմանում շարունակելու վերաբերյալ նրա հետագա անելիքների մասին:
Հատուկ կրթության ֆակուլտետի դասախոսներ Լիլիթ Կարապետյանն ու Զարուհի Հարությունյանն արդենիսկ վերապատրաստվել են Տեմպուսի ASPIRE ծրագրի շրջանակում.ծրագրի այս փուլում վերջիններս վերապատրաստում և ձեռք բերած փորձն են փոխանցում ծրագրի մյուս մասնակիցներին՝ տարբեր բուհերի՝ այդ թվում նաև Մանկավարժական համալսարանի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:
«Ցավալի է, բայց Մանկավարժական համալսարանը նույնպես դեռևս չունի կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող ուսանողների համար անհրաժեշտ պայմաններ՝ տեղաշարժվելուց մինչև գրականություն»,-armspu.am-ի հետ զրույցի ընթացքում նշեց Լիլիթ Կարապետյանը՝ հավելելով, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել հաշմանդամների կրթական կարիքները բավարարող կենտրոն: