ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը մանկավարաժականում ներկայացրեց «Hollywood Non-Stop» համերգային ծրագիրը
26.03.2012

Այսօր Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում տիրում էր դասական երաժշտության մթնոլորտ: Հայաստանի պետական երիտասարդական

նվագախումբը Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան հետ համատեղ հանդես եկավ «Երիտասարդները երիտասարդների համար» նախագծով:

 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի շրջանակներում գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց «Hollywood Non-Stop» համերգային ծրագիրը:

 

Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան մշակութային կցորդ Շոն Օհարան: Վերջինս ողջունեց ներկաներին և տեսնելով լեփ-լեցուն դահլիճը` իր գոհունակությունը հայտնեց.«Ես առիթ եմ ունեցել ունկնդրել այս համերգը: Ամեն անգամ հոգիս թրթռում է` լսելով հոգեհարազատ հնչյուններ. կարծում եմ` դուք ևս մեծ բավականությամբ կունկնդրեք այն» :

 

Համերգի ընթացքում հնչեցին արդեն դասական համարվող հոլիվուդյան կինոարվեստի գլուխգործոց դարձած «Կնքահայր», «Խիզախ սիրտը», «Վեսթսայդյան պատմություն», «Կարիբյան ծովահենները», «Հարի Փոթեր» և այլ հանրահայտ ֆիլմերի երաժշտություններ:

 

Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելել նաև համաշխարհային ճանաչում ունեցող կինոերաժշտության վառ ներկայացուցիչներ Էնիո Մորիկոնեի, Նինո Ռոտայի, Ջորջ Գերշվինի, Լոենարդ Բերնսթեյնի և այլոց ստեղծագործությունները:

 

Համերգի նպատակն էր հարուստ և հագեցած երաժշտությամբ հայ երիտասարդությանը ավելի մոտեցնել և հաղորդակից դարձնել ամերիկյան երաժշտարվեստին:

 

Հանդիսատեսի հոտնկայս ծափահարությունների ներքո Մանկավարժական համալսարանի «Մշակույթի կենտրոն»-ի տնօրեն պրոֆեսոր Արկադի Շեկունցը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին համալսարանի ռեկտոր պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանի հանձնարարությամբ հանձնեց Խաչատուր Աբովյանի անվան մեդալ:

 

Նշենք, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը նույն ծրագրով հանդես է եկել Երևանի 8 բարձրագույն ուսումնական հաստատություններում:

 

Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները առաջիկայում համերգը ևս մեկ անգամ վայելելու հնարավորություն կունենա: