ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Տեսակետներ` կրթական գործընթացների մասին
29.11.2013
Այսօր «Տեսակետ» ակումբի հյուրերն էին ՀՊՄՀ Կրթության բարեփոխումների և որակի վարչության պետ Մկրտիչ Ավագյանն ու «Եվրասիա» միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը:
Բանախոսները քննարկեցին հայ երիտասարդների` արտասահմանյան բուհերում կրթություն ստանալու ձգտումները, վերհանեցին հայաստանյան կրթական համակարգի առավելություններն ու թերությունները, իրենց տեսակետներն արտահայտեցին ոլորտում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության և հնարվոր ուղիների մասին:
ՀՊՄՀ Կրթության բարեփոխումների և որակի վարչության պետ Մկրտիչ Ավագյանն արտերկրում կրթություն ստանալու երիտասարդների ձգտումները դիտարկեց երկու տեսանկյունից. մի կողմից ուրախալի է, որ մեր ուսանողները գերադասում են ստանալ առավել բարձրորակ կրթություն, սակայն մյուս կողմից` այն լի է մի շարք վտանգներով. «Կա ուսանողների մի հոծ զանգված, որ այս կամ այն կազմակերպության օժանդակությամբ իրենց կրթությունն են ստանում դրսում, սակայն սովորողների քիչ տոկոսն է վերադառնում Հայաստան: Հաջորդ վտանգն էլ այն է, որ Հայաստանում և արտասահմանում միևնույն որակավորում ունեցող մասնագետներից գործատուն նախապատվությունը տալիս երկրորդին»:
«Եվրասիա» միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյան էլ վստահ է` դրսում կրթություն են նախընտրում ստանալ նրանք, ովքեր Հայաստանում չեն կարողանում բավարարել իրենց կրթական կարիքները և ցանկանում են նորարարական առարկայական ծրագրեր, ուսուցման նոր մեթոդիկաներ կիրառող եվրոպական առաջատար բուհերում ստանալ հավելյալ գիտելիքներ:
Ռեկտորը նկատեց` արտասահմանում առավել քան ակտիվ է բուհ-գործատու կապը, այնինչ այդ կառույցը մեզանում դեռևս կայացած չէ.«Գաղտնիք չէ, որ դրսում կրթություն ստացած և վերապատարստված ուսանողները մեր երկրում ամենաբարձր վարձատվող խավն է: Կարծում եմ` դա պայմանավորված է նաև նրանով, որ արտերկրում ուսումնական գործընթացում մասնագիտական գիտելիքներից զատ, ուսանողի մոտ ձևավորվում են նաև գործնական հմտություններ և կարողություններ, ինչն օգնում է միանգամից ինտեգրվել աշխատաշուկա»:
Մկրտիչ Ավագյանն «ուղեղների արտահոսք»-ը պայմանավորեց ներկա դարաշրջանում կատարվող գլոբալ գործընթացներով: Նա վստահ է`այդ արտահոսքը մեզանում օրհասական կլինի այնքան ժամանակ, մինչև մեր երկրում մեր իսկ շրջանավարտի համար չի ստեղծվի նրա գիտելիքները, հմտություններն ու կարողությունները կիրառելու պարարտ հող. «Ուղեղների արտահոսք»-ի կանխմանը կնպաստի նաև արտասահմանում լայն տարածում ունեցող հոգաբարձուների խորհուրդների ստեղծումը, երբ հայտնվեն մարդիկ, ովքեր կհասկանան կրթության արժեքն ու իրենց ներդրումը կունենան կրթության զարգացման գործընթացում»:
Բանախոսներից յուրաքանչյուրը հանդիպման ընթացքում ներկայացրեց այն գործընթացներն ու մեանիզմները, որոնք կիրառել են կրթական ոլորտում հաջողություններ գրանցելու համար:
Մասնավորապես, ՀՊՄՀ Կրթության բարեփոխումների և որակի վարչության պետ Մկրտիչ Ավագյանը նկատեց` բուհը վերջին տարիներին համագործակցում է Ֆինլանդիայի առաջատար մանկավարժական բուհերից մեկի` Օուլուի համալսարանի հետ: Այս ընթացքում ամբողջովին վերանայվել են կրթական ծրագրերը, դասավանդման գործընաթցներն ու մեթոդները.«Կրթական բարեփոխումներից զատ, միայն ուսանողների վարձավճարների միջոցով, այս տարիների ընթացքում նորոգվել են բուհի մասնաշենքերը, գործարկվել են 3 գերհագեցած ընթերցասրահներ, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած լսարաններ, մատչելի սննդի 3 լուսավոր կետեր, իսկ դասխոսների աշխատավարձն էլ բարձրացվել է 40 տոկոսով»,-հավելեցՀՊՄՀ Կրթության բարեփոխումների և որակի վարչության պետը: